Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերն ամանորյա մեծ հավաքույթներ են ունեցել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը փորձել է պարզել, թե որքան գումար են ծախսել այդ նախատոնական հավաքույթների ժամանակ քաղաքական ուժերը: Օրինակ՝ «Իմ քայլը» խմբակցությունն իր խնջույքը կազմակերպել է նույն խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանին պատկանող «Լիաննա» ռեստորանային համալիրում, որտեղ յուրաքանչյուր անձ ինքն է վճարել իր «աթոռի» համար մոտ 11.000 դրամ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իր ամանորյա «փարթին» անցկացրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում, սակայն վերջիններս խուսափում են գումարի մասին տեղեկություն տրամադրել: Ըստ ամենայնի, Ծառուկյանի հյուրասիրությունն է եղել:
Իսկ ահա «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր հավաքույթն անցկացրել է «Վենեցիա» ռեստորանային համալիրում, ներկա են եղել խմբակցության պատգամավորներն ու իրենց օգնականները, և յուրաքանչյուր պատգամավոր վճարել է 50 հազար դրամ, որպեսզի հոգան ընդհանուր ծախսը:
ՀՀ ամենահին կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, իր տոնական միջոցառումն անցկացրել է «Փարավոն» ռեստորանային համալիրում, յուրաքանչյուրն իր համար է վճարել, ու այն կազմել է 10-12 հազար դրամ:
ՀՀԿ-ն էլ իր ամանորյա հավաքույթն անցկացրել է Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, մասնակցել է նաև ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Ըստ թերթի տեղեկությունների՝ մոտ 800 հոգի ներկա են եղել միջոցառմանը:
Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: