Իրանը հերքում է ինքնաթիռի խոցման վարկածը

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը, որն այսօր՝ հունվարի 8-ին, կործանվել է Թեհրանում՝ Իմամ Խոմեյնիի օդանավակայանից ոչ հեռու, կարող է պատահաբար խոցված լինել, գրել է բրիտանական Daily Mail-ը:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ ավիաաղետը տեղի է ունեցել Իրանի կողմից Իրաքում ամերիկյան բազաների վրա կատարված հարձակումից մի քանի ժամ անց: Բացի դրանից, տեսանյութում ֆիքսված է մինչ անկումն այրվող ինքնաթիռը: Նշվում է, որ սա ենթադրությունների տեղիք է տալիս, որ Boeing 737-ը խոցվել է:

Միևնույն ժամանակ Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանի մամուլի քարտուղար Ալի Կաշանին Ֆարս գործակալությանը հայտնել է. «Ենթադրվում է, որ տեխնիկական խնդիրներն են ավիավթարի պատճառ դարձել»:

Իրանական կողմը բացառում է ինքնաթիռի խոցման վարկածը։ Ավտոմոբիլային ճանապարհների և քաղաքային ենթակառուցվածքների զարգացման նախարարության կապի կենտրոնի ղեկավար Ղասիմ Բիհիի խոսքով՝ եթե աղետի պատճառը լիներ հրթիռակոծումը, ապա ինքնաթիռը երկնքում կպայթեր։

shantnews.am