Ոստիկաններն ասում են «Պավելին հորդորեք զենքը վայր դնել»․ Աղջիկս ասում է՝ «գնացեք Սերժին հորդորեք հեռանալ, ողջ ժողովուրդն է պահանջում»
Առավոտը գրում է․ 2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի գործով հերթական դատական նիստում այսօր մեղադրյալներից Պավլիկ Մանուկյանն ուշագրավ հայտարարություն արեց՝ որոշ դրվագներ բացահայտելով 2016թ.-ին տեղի ունեցածից:
Նրա խոսքով՝ երբ իրենք արդեն գրավել էին ՊՊԾ գունդը, ոստիկանները ոտքով կոտրել են իր տան դուռը, ներխուժել ու տունը տակնուվրա արել. «Թե ինչ են տարել, մինչեւ հիմա պարզ չի: Ազգային հերոս Պետրոս Ղեւոնդյանի նկարը ճմրթած՝ հատակին նետված էր: Նկարիչն էստոնացի Ֆելիքսն էր՝ մեր մարտական ընկերը: Հարեւանների օգնությամբ դուռը նորոգվել է:
Երեք օր անց նորից են գալիս ոստիկաններն ու աղջկաս եւ կնոջս ասում՝ «Պավել Մանուկյանին հորդորեք զենքը վայր դնել»: Աղջիկս պատասխանում է՝ «գնացեք ձեր Սերժին հորդորեք հեռանալ ՀՀ-ից, դա ողջ ժողովուրդն է պահանջում»:
Այդ պահին, ինչպես Պավլիկ Մանուկյանը պատմեց, իր փոքր եղբայրը՝ Թաթուլ Մանուկյանը, իր բնորոշմամբ, շինծու գործով գտնվելիս է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. «Բանտից զանգում է լացակումած եւ խնդրում, որ ոստիկաններից մեկին բաց թողեմ… այդ ձայնագրությունները կան, հանեք-բերեք: Եղբայրս ասում էր՝ «ինձ այլ բան չի մնում, կխեղդեն, կկախեն, այդ ոստիկանին պետք է բաց թողեք՝ Գառնիկ եսիմինչյան»…
Եղբորս զանգից անմիջապես հետո ինձ զանգում է Վանեցյանը (այդ ժամանակ դեռ ԱԱԾ պետ չէր.,-խմբ.)՝ նույն պահանջով»: Հիշեցնենք՝ մամուլում գրվել էր այն մասին, որ պատանդառված ոստիկաններից մեկին խմբի անդամները բաց էին թողել, քանի որ նա պատրաստվում էր ամուսնանալ:
Պավել Մանուկյանն այդ մասին ասաց. «Հետաքրքիրն այն է, որ այդ տղան ինձ խաբեց ու ասաց, թե նշանված է: Հաշվի առնելով դա՝ տղաների հետ քննարկեցինք, միայն նրա համար, որ նշանված էր: Ես հանուն հեղափոխության պատրաստ եմ ցանկացած զոհողության, այդ թվում՝ եղբորս: Այդ հիմարը Սերժին ձայն էր տվել:
Բայց, քանի որ այդ տղան նշանված էր, ճանապարհելիս ասացի՝ մեր փայ երջանկությունը քեզ, բայց ճիշտ ապրիր: Դրա ձայնագրությունն էլ կլինի»: Պավլիկ Մանուկյանը հավելեց՝ այդ ժամանակ պետությունն արել է նվաստացուցիչ քայլեր՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներին ընտանիքների միջոցով ճնշելու համար, անգամ այն բնակարանի տիրոջը, որտեղ իր ընտանիքը վարձով է ապրել, ստիպել են դստերն ու կնոջը դուրս հանել:
Աղբյուր՝ aravot.am