Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում Նաիրա Զոհրաբյանը քննադատեց իմքայլական պատգամավորների մոտեցումը, երբ փորձում են ԲՀԿ-ին հիշեցնել նախկին իշխանությունների հետ կապերը։ Պատգամավորը հիշեցրեց, որ իրենց խմբակցությունն է ապահովել Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու համար անհրաժեշտ ձայների զգալի մասը։
Զոհրաբյանը հայտարարեց, որ պարզ չէ, թե հիմա իմքայլական պատգամավորները որտեղ կլինեին, եթե ԲՀԿ-ն չընտրեր Նիկոլ Փաշինյանին։
«Քանի՞ գլխանի էիք, որ վարչապետին չընտրեիք»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ, իմքայլական Ալեն Սիմոնյանը։
Լարված վեճը շարունակվեց երկու գործիչների միջև։ ԱԺ նիստը նախագահող Արարատ Միրզոյանից որոշակի ժամանակ պահանջվեց այդ վեճը դադարեցնելու համար։