«Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագիրը պետք է հաշվի առնի նաև այլ երկրների շահերը». Մակրոն

Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային համաձայնագիրը պետք է հաշվի առնի երկու երկրների, ինչպես նաև նրանց գլխավոր գործընկերների, այդ թվում՝ Ֆրանսիայի և Եվրամիության մյուս երկրների շահերը: Այս մասին երեքշաբթի Շանհայում անցկացվող Չինական միջազգային ներմուծման ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է tass.ru-ն:

«Գոյություն ունեցող միջազգային առևտրի համակարգն ի վիճակի չէ կարգավորել առկա խնդիրները: Որոշ երկրներ այժմ դիմում են միակողմանիության և ջունգլիների օրենքին։ Կարծում եմ՝ չարժե այդպես վարվել։ Դա Ֆրանսիայի ընտրությունը չէ, դա Եվրամիության ընտրությունը չէ»,- ասել է Մակրոնը:

«Առևտրային պատերազմում հաղթողներ չեն լինում։ Մենք տեսնում ենք, որ առևտրային պատերազմում (Չինաստանի և ԱՄՆ-ի միջև) հասունանում է կոնֆլիկտը երկու համաշխարհային տնտեսական տերությունների միջև»,- շարունակել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնը հույս է հայտնել, որ երկու կողմերի, ինչպես նաև Եվրամիության համար շահեկան համաձայնություն ձեռք կբերվի:

«Մենք հուսով ենք, որ վերջնական արդյունքում լավ համաձայնություն ձեռք կբերվի՝ հաշվի առնելով այդ երկու երկրների և նրանց գլխավոր գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության շահերը»,- ամփոփել է նա:

«Ժամանակակից աշխարհը Չինաստանի բաց լինելու ուժեղացման կարիքն ունի, որպեսզի միասին հաղթահարենք առկա սպառնալիքներն ու մարտահրավերները: Այսօր մեր առջև ծառացած են ընդհանուր մարտահրավերներ և սպառնալիքներ, որոնք մենք պետք է համատեղ հաղթահարենք»,- ասել է Մակրոնը և հավելել. «Չինաստանն այլ երկրների բաց լինելու կարիքն ունի, և ամբողջ աշխարհը Չինաստանի բաց լինելու կարիքն ունի»,-ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:

Tert.am