Կլինե՞ն նոր փոփոխություններ կառավարության կազմում. «Սերժի թիմից» մարդիկ են մնացել

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններին աջակցություն ցուցաբերած ու ցուցաբերող հասարակական սեկտորի ներկայացուցիչները եւ իշխանության, այսպես կոչված, արեւմտյան թեւը ներկայացնող անձինք բավականին դժգոհ են ՀՀ կառավարության կազմից։

«Թեման հիմնականում կապված է կառավարության տնտեսական բլոկի որոշ ներկայացուցիչների հետ. ներկայացված պնդումներն այնպիսին են, որ հենց այդ անձանց ներկայությամբ է պայմանավորված ՀՀ-ում «տնտեսական հեղափոխության» ձախողումը եւ ներդրումային հոսքերի պասիվությունը։

Այս գործում բավական ակտիվ են հատկապես արեւմուտքից գրանտներ ստացող ՀԿ-ների ներկայացուցիչները, որոնք, ըստ մեր աղբյուրների, մի առիթով անգամ Նիկոլ Փաշինյանի մոտ դժգոհել են, թե «Սերժի մարդիկ ո՞նց կարան այս կառավարության ու տնտեսության համար ճիշտ քաղաքական կուրս վարեն»։

Թերթի տեղեկություններով, առաջ է քաշվել այն թեզը, որ փաստացի ներկայումս Սերժ Սարգսյանի տնտեսական թիմը շարունակում է երկրում խորհուրդներ տալ գործադիր իշխանությանը, եւ այդ թիմը թույլ չի տալիս, որ «Փաշինյանի կառավարությունը գնա հեղափոխական ճանապարհով»:

Շեշտվում է նաեւ այն, որ եթե այդ մարդիկ լավ խորհրդատուներ կամ կառավարիչներ լինեին, Սերժի կառավարման տարիներին տնտեսությունը լավը կլիներ:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, չի բացառվում, որ առաջիկայում ականատես լինենք մի շարք պաշտոնյաների հրաժարականների, որոնք ժամանակին համագործակցել են նախկին իշխանությունների հետ կամ ուղղակի նախկինում բարձր պաշտոն են զբաղեցրել եւ ներկայումս էլ կառավարող ուժի մաս են կազմում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: