«Իմ քայլ»-ում անհանգիստ են. կհաջողե՞ն արդյոք Թովմասյանին գահընկեց անելու գործում

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իմ քայլ»-ում անհանգիստ են. կհաջողե՞ն արդյոք Թովմասյանին գահընկեց անելու գործում: Մինչ նրանք նախագիծ են դրել խորհրդարանի սեղանին, Թովմասյանը հեռուստաեթերում հայտարարեց, որ իշխող թիմի այս ձեռնարկը քաղաքական արշավ է իր դեմ: Ու հենց Թովմասայնի` եթերում հնչեցրած մտքերն էլ դարձան իշխող մեծամասնության հիմնական թիրախը օրինագծի քննարկման ընթացքում` տպավորություն ստեղծելով, որ եթե ՍԴ նախագահի խոսքը եթերում չլիներ, ապա քաղաքական մեծամասնությունը խոսելիք չէր ունենա: Ինչո՞ւ այդպես ստացվեց:

«Իմ քայլը» խմբակցության անդամ, նախագծի հարակից զեկուցող Սիսակ Գաբրիելյանը թերթին տված մեկնաբանությունում ասել է. «Այդ հարցազրույցը, ըստ էության, նաեւ լրացուցիչ շատ լավ առիթ էր իր պաշտոնի հետ անհամատեղելիությունը ցույց տալու համար»։

Դիտարկմանը, թե ՍԴ անդամ Վահե Գրիգորյանն էլ իշխող ուժում ընկերներ ունի, երբեք չի թաքցրել, որ համակրում է ՀԱԿ-ին, չեզոք դատավոր է, Ս. Գաբրիելյանը պատասխանել է.

«Ես հրապարակային չեմ տեսել, որ նա գնա հարցազրույցներ տա եւ խոսի Ռոբերտ Քոչարյանի դատավարությունից, իր կապի մասին իշխանությունների հետ եւ այլն։ Իմ տպավորությամբ՝ նա ՔՊ-ի համակիրը չի եղել, այլ ուժի հետ է ասոցացվել»։ Թերեւս նա նկատի ունի իշխող ուժի հենարան ՀԱԿ-ին:

Ինչեւէ, ՍԴ նախագահին օրենքի ուժով գահընկեց անելու կուլմինացիան, ըստ էության, այսօր կլինի: Թեպետ իշխող թիմում շարունակում են արտաքուստ հանգստություն պահպանել, բայց անհրաժեշտ քանակի ձայներ ունենալու համար, հայտնի է, որ նրանք նույնիսկ Ստրասբուրգից են հետ կանչել այս օրերին ԵԽԽՎ նիստերին մեկնած իրենց պատգամավորներին: «Իմ քայլին» հրահանգել են՝ այսօր մի մարդու պես ներկայանալ քվեարկությանը:

Հավելենք, որ նախագիծը ԱԺ-ում գաղտնի քվեարկության արդյունքում ընդունվելուց հետո կուղարկվի ՍԴ, եւ միայն ՍԴ դատավորների որոշումից հետո պարզ կդառնա` Հրայր Թովմասյանը կհեռանա ՍԴ նախագահի պաշտոնից, թե կշարունակի պաշտոնավարել: Այսինքն՝ գնդակը կհայտնվի ՍԴ դաշտում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: