ԱԺ-ն ընդունեց մարզպետների լիազորությունները հստակեցնող օրենքի նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է տարածքային կառավարման մարմինների գործունեությունը կարգավորել օրենքով, այլ ոչ թե նախագահի հրամանագրերով: Նախագծով հստակեցվում են նաև մարզպետների լիազորությունները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տարածքային կառավարման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ընդունվեց 88 կողմ, 16 դեմ ձայներով: Նախագիծը խորհրդարանում ներկայացրել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Տարածքային կառավարման մասին օրենքի նախագծով սահմանվել են, մասնավորապես, տարածքային կառավարման ոլորտում կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի լիազորությունները, սահմանվել են մարզպետների և՛ ընդհանուր, և՛ ըստ հիմնական բնագավառների լիազորությունները, նկարագրվել են մարզպետների նշանակման և ազատման կարգը, ինչպես նաև վերջինիս ներկայացվող պահանջները:

Տերտերյանը, առանձնացնելով գլխավոր փոփոխություններից մի քանիսը, մասնավորապես նշել էր, որ նախագծի ընդունմամբ տարածքային կառավարման մարմինների գործունեությունն այսուհետ կկարգավորվի օրենքով, մինչ այդ կարգավորվում էր նախագահի հրամանագրերով: Նա կարևոր փոփոխություն էր համարել նաև այն, որ տարածքային կառավարման մարմինների պատասխանատվության դաշտից իրավական և մասնագիտական հսկողությունը տեղափոխում են պետական կառավարման լիազոր մարմին, այսինքն՝ քաղաքական հարթություն: Բացի այդ, այս նախագծով մարզպետների լիազորությունները նկարագրվել են ավելի կոնկրետ:

Tert.am