Նիկոլ Փաշինյանի հետ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարց չենք քննարկել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե այդ հարցի շուրջ վարչապետի հետ քննարկում են ունեցել:
«Մենք պարոն Փաշինյանի հետ հաճախակի ենք հանդիպում, բայց հիմնական ներդրումների հետ կապված հարցեր ենք քննարկում, քաղաքական հարցերով երբեք ու երբեք չենք հանդիպել և տվյալ թեման էլ չենք քննարկել, միայն ներդրումների և տնտեսության զարգացման թեմաներ ենք քննարկել»,-մանրամասնեց նա:
Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախաձեռնությանը, որ ունի «Իմ քայլը», Գագիկ Ծառուկյանը նշեց, որ խմբակցության ներսում քննարկել են այդ նախագիծը, հիմնավորումները շատ թույլ են, որոշել են չմասնակցել քվեարկությանը:
«Բացի դա, ուզում եմ ասել բոլորին, որ ԱԺ որոշումը չի, որ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա, որոշողը ՍԴ-ն է: Հիմնական դրույթները շատ թերի են, թույլ են, կա ժամկետների խախտում»,-նշեց նա:
Խոսելով մամուլի տեղեկությունների մասին, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նրա տանն է գիշերել, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ գիշերել է ընդունելությունների (Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների- հեղ.) տանը: Լուկաշենկոյի հետ զրուցել է, թե ոչ, Գագիկ Ծառուկյանը չմանրամասնեց:
Tert.am-ի հարցին, թե «Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործում իրեն ուղղված սլաքներ չի տեսնում, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ օրենքի առաջ բոլորը հավասար են:
«Իրավապահ մարմիններում է, քննում են, երբ որ կավարտեն, իրենք իրենց դիրքորոշումը կասեն, բոլորի համար պարզ կլինի: Առուստամյանը քաղաքացի է, ամեն ինչ պարզ կլինի, ոչ մի բան չեմ տեսնում, կա հարց, կա խնդիր, կա քննություն, կավարտվի, բոլորի համար էլ պարզ կլինի»,-ընդգծեց նա: