«Չկա որևէ երկկողմ կամ բազմակողմ պայմանագրով դրույթ, որով արգելվում է զենքի վաճառքը: Շատ անգամ հարց են տալիս՝ բա էլ ի՞նչ դաշնակցային հարաբերություններ, բայց մյուս կողմից՝ չէ՞ որ մենք շատ ավելի անհամեմատ մատչելի գնով ենք ստանում զենքը: Ավելին, մենք այնպիսի զինատեսակ ենք ստացել, որը բացառիկ է: Այսինքն՝ այդ տեսակետից Ռուսաստանը հավասարակշռել է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ խոսելով ՀԱՊԿ-ում ՀՀ-ի դաշնակից Ռուսաստանի կողմից մեր հակառակորդ Ադրբեջանին զենքի վաճառքի մասին:
Ըստ նրա՝ այն, որ Ռուսաստանը Հայաստանին շատ ավելի մատչելի է զենք մատակարարում, դա պարտավորություն է, որն ամրագրված է երկկողմ պայմանագրով և ՀԱՊԿ-ի շրջանակներում.
«Իհարկե, ամեն ինչի բանալին երկրի ներսում է: Դա տնտեսական վիճակն է, քո հնարավորությունները: Եվ հաճախ, երբ մենք զենք ենք գնում, այդ թվում՝ ժամանակակից զենք, Ռուսաստանից ենք վարկ վերցնում այդ զենքը գնելու համար: Այսինքն՝ այդ տեսանկյունից Ռուսաստանը համարում է, որ ինքը կատարում է իր պարտավորությունները: Դա չի նշանակում, որ մենք, այսպես ասած, անտարբեր ենք, կամ համարում ենք, որ որևէ խնդիր չկա Ադրբեջանին զենք մատակարարելու հետ կապված: Իհարկե, այդ հարցը մենք պարբերաբար բարձրացնում ենք»: