«Օրենքով գողերը», «սխոդկաների», «աբշյակների» մեջ ներգրավված անձինք կենթարկվեն քրեական պատասխանատվության. Նիկոլ Փաշինյան

Խոսքը «օրենքով գողերի», «սխոդկաների», կներեք, որ այսպիսի բառեր եմ օգտագործում, «աբշյակների» և այս կարգի այլ երևույթների մասին է: Այս օրենքի ընդունման նպատակն այն է, որ այս ամենի մեջ ներգրավված մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության: Այս մասին այսօր կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման նպատակը:

«Սա շատ տրամաբանական օրենքի նախագիծ է, որովհետև այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը, հետևաբար նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տանը ապրելու»,-ասաց վարչապետը:

Զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ կհամարվի ոչ միայն «օրենքով գողը», այլ նաև քրեական հեղինակությունը, և վարչապետը պարզաբանեց՝ «թարգամանաբար ասած՝ ավտարիտետը»:

«Եթե տերմինների մասին ենք խոսում, դրա մեջ կընդգրկվի «մատաղի փողը», որ հավաքվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի համար»,-ավելացրեց նախարարը:

Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանը ներկայացված փոփոխությունները բացառիկ համարեց: «Սա ոչ շարքային փոփոխությունների նախագիծ է, և գաղափարական, բարոյական նշանակությունից զատ, ցանկանում եմ հավաստել, որ հանցավորության մակարդակի վրա էական նշանակություն ունի քրեական ենթամշակույթը: Քրեական ենթամշակույթի նույն շահառուները էական վնասում են հանցագործությունների բացահայտումները, հետևաբար այս փոփոխությունը բացառիկ նշանակություն ունի»,-ասաց նա:

Դատախազը նշեց, որ իրավապահ մարմինները պետք է պատրաստվեն դրա իրացմանը: «Որ պահին սա դարձավ օրենք, վճռական մեծ ծավալի աշխատանք պետք է իրականացվի»,-ասաց նա:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս կարևորեց նախագիծը: «Այստեղ շատ կարևոր է լինելու պրակտիկան, որ չհանգենք այլ ծայրահեղության:

Վարչապետը պարզաբանեց. «Օրինակ՝ այնպիսի մեկնաբանություններ կան, որ ենթադրենք՝ մարդը «օրենքով գող» է, կամ քրեական հեղինակություն է, ինչո՞ւ եք ենթարկում քրեական պատասխանատվություն: Այս հարցն ունի հստակ պատասխան, դա նշանակում է, որ պրակտիկայում նա պրոֆեսիոնալ ձևով զբաղված է հանցագործություններ կազմակերպելով: Բերեմ օրինակ, ենթադրենք, որ ինչ-որ մեկն ուզում է մեկին թալանել, գնում է այդ կարգավիճակով մարդու մոտ և նրա միջոցով կազմակերպում է»,-ասաց նա և նշեց, որ դա հանցագործությունների կազմակերպման պրոֆեսիոնալ օղակ է:

Նշենք, որ կառավարությունն ընդունեց նախագիծը, և այն կուղարկվի Ազգային ժողովի քննարկմանը:

Աղբյուրը tert.am