Ինչ է պայմանավորվել Սերժ Սարգսյանն Ամուլսարի հարցում. նոր իրավիճակ

Աներկբա է, որ Ամուլսարի հարցում բնապահպանությունն ու քաղաքականությունը միախառնված են ավելի վաղուց, քան թավշյա հեղափոխությունը: Ծրագիրն այդ առումով քաղաքականապես խիստ բազմաշերտ է հենց սկզբից, պայմանական՝ 2013-14 թվականներից, երբ ընթանում էր հանքի շահագործման թույլտվության գործընթացը եւ Լիդիան Արմենիա ընկերությունը՝ այն ժամանակ Գեոթիմ, ստանում էր դրա իրավունքը:Խոշոր հաշվով, մոտ 400 միլիոն դոլարի ներդրումային ծրագիրը չէր կարող Հայաստանում չլինել քաղաքական, այն էլ խոշոր քաղաքական, այն էլ արեւմտյան կամ ոչ ռուսական ներդրումային ծրագիրը: Եվ այն էլ Հայաստանի ներքաղաքական կյանքի մի փուլում, երբ գագաթնակետին էր հասնում ոչիշխանական բեւեռի դիմակայությունը նույն համակարգի իշխանական բեւեռի հետ: Այդ դիմակայության մեխը Հայաստանի եվրասիականացումն էր, որի ավարտից հետո Կրեմլը շատ հստակ ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը կարող է ցրել այդ բեւեռը, ինչը տեղի ունեցավ 2015-ի փետրվարի 12-ի նրա հայտնի ելույթով:Մինչ այդ, Հայաստանի ներքին կյանքում Սերժ Սարգսյանը կանգնած էր բարդագույն մարտահրավերի առաջ՝ տնտեսական աննախադեպ անկում 2008-09 թվականներին՝ 14 տոկոս, դրանից հետո տնտեսական աճի տեմպի անթույլատրելի դանդաղություն, ռեսուրսների, փողի, ներդրումների բացակայություն, եւ դրան զուգահեռ փողի խնդիր չունեցող ոչիշխանական «ընդդիմադիր» բեւեռի ձեւավորում: Այդ իրողության վրա տեղի էր ունենում Հայաստանի Եվրասոցացման գործընթացը, ինչի շնորհիվ Սերժ Սարգսյանը փորձում էր բալանսավորել թե ներքին, թե ռեգիոնալ քաղաքական-անվտանգային վիճակը: Որովհետեւ Հայաստանում իշխանական բեւեռի դեմ ոչիշխանական բեւեռի պայքարի գագաթնակետին զուգահեռ գագաթնակետին էր մոտենում նաեւ ռեգիոնալ բալանսի խախտմամբ ռուս-ադրբեջանական-թուրքական եռանկյունու գործարքը:Հենց այդ շրջանակում էլ ոչիշխանական բեւեռի միջոցով Սերժ Սարգսյանը քշվեց անկյուն, ստիպված լինելով «մեկ գիշերում» պատռել բարեհաջող բանակցված Եվրասոցացման պայմանագիրը եւ հայտարարել ԵՏՄ-ին միանալու մասին: Նույն օրը Մոսկվայում Սերժ Սարգսյանը խոսում էր նաեւ Հայաստանին սպասող ռուսական միլիարդավոր ներդրումների մասին, թերեւս ինքն էլ հիանալի պատկերացնելով, որ դրանք չեն լինելու՝ մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով:Ահա այդ իրավիճակում, Ամուլսարի ծրագիրը Սերժ Սարգսյանի համար ուներ կարեւորագույն տնտեսա-քաղաքական նշանակություն: Եվ ոչ միայն դա, այլ նաեւ Որոտանի Կասկադի ծրագիրը, որը լինելու էր ամերիկյան խոշորագույն ներդրումը Հայաստանում՝ մոտ 200 միլիոն դոլար: Հատկանշական է, որ երկու ծրագիրն էլ հենց սկզբից դարձան աննախադեպ պայքարի թիրախ, իհարկե պայքարի տարբեր բնույթներով եւ շեշտադրումներով:Ընդհանուր առմամբ, մոտ 600 միլիոն դոլարի ծրագրերով Սարգսյանը թերեւս մտադիր էր մի կողմից փոխել Հայաստանի տնտեսության ներքին բալանսը, ինչը նա գործնականում այդպես էլ անկարող եղավ վերականգնել իր նախագահության ամբողջ ընթացքում (2008-ին Հայաստանում փոխվեց իշխանության ներքին իրադրությունը, բայց կապիտալի ստատուս-քվոն մնաց ներիշխանական կամ ներհամակարգային հին՝ «քոչարյանական» դասավորության պայմաններում):Մյուս կողմից՝ մեղմել Հայաստանի եվրասիական բռնակցման տնտեսական, քաղաքական եւ անվտանգային հետեւանքը, լավ պատկերացնելով իր իշխանության համար այդ հետեւանքի բավականին ծանր հեռանկարը: Ընդ որում, 2016-ի ապրիլին Սերժ Սարգսյանը բախվեց դրա հետ, խոշոր հաշվով երկրորդ ալիքին բախվելով արդեն ներսում՝ նույն թվականի հուլիսին:Սարգսյանը դա չհասցրեց անել, 2016-ը թույլ չտվեց: Նա պահեց նախագահի կարգավիճակը, բայց բալանսի համար ստիպված էր դիմել Կարապետյաններին՝ գործնականում նրանց պայմաններով:Հեղափոխությունից հետո Հայաստանում ներքին իրադրությունը փոխվել է արմատապես, բայց կապիտալի ստատուս-քվոյի եւ հավասարակշռման հարցն իր խորքային վտանգներով շարունակում է մնալ եւ լինել Նիկոլ Փաշինյանի առանցքային խնդիրներից մեկը:

Աղբյուրը lragir.am