«Երբ հետհեղափոխական Հայաստանում առաջին անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արցախ, օրվա տպավորություններով Արցախի իշխանությունները միմյանց հետ զրուցելիս ասել էին, թե առաջին անգամ իրենց զգացին իբրև երկրի ղեկավարներ: Սա, բնականաբար, չէր կարող դուր գալ նախկին իշխանություններին, դրա համար էլ արվեց հնարավորը Արցախի և Հայաստանի հանրապետությունների ղեկավարներին միմյանց դեմ լարելու համար:
Լարվածությունը, իհարկե, ժամանակի ընթացքում տարբեր դրսևորումներ ունեցավ, և բանն այնտեղ հասավ, որ երկու հանրապետությունների առաջնորդները սկսեցին միմյանց հետ խոսել հրապարակավ՝ հայտարարություններով:
Այս երևույթը մտահոգել է նաև արցախցիներին, որտեղ ևս երկփեղկվածություն է. մի մասը խմբվել է նախկին իշխանությունների շուրջ, մի մասն էլ՝ նոր: Եվ որպեսզի բալանս պահվի, Բակո Սահակյանը երեկ մի շարք պաշտոնանկություններ ու փոխատեղումներ է արել:
Վիտալի Բալասանյանը, որը համարվում է նախկին իշխանությունների կողմնակիցը, ազատվել է Արցախի ԱԽՔ-ի պաշտոնից, իսկ Արթուր Աղաբեկյանը, որը Արցախի նախկին վարչապետ Արա Հարությունյանի (Նիկոլ Փաշինյանի` Արցախի նախագահի նախընտրելի թեկնածու) կողմնակիցն է, ևս ազատվել է Բակո Սահակյանի խորհրդականի պաշտոնից:
Այսպիսով, Արցախի նախագահ Բակո Սահակյանը փորձել է բոլոր կողմերին ցույց տալ, որ անկաշկանդ է գործում, և հին ու նոր իշխանությունները չեն կարող ազդել իր որոշումների վրա: Մնում է՝ իրապես բոլոր կողմերը գիտակցեն իրավիճակի լրջությունը և մի կողմ դնելով իրենց զգացմունքներն ու վերլուծությունները` հանդես գան միասնականության դիրքերից: Արցախն ու Հայաստանը անբաժանելի են»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: