Եթե անհրաժեշտություն լինի Սերժ Սարգսյանին հրավիրել Ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի նիստին՝ կհրավիրենք

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը աշխատանքը կսկսի հաջորդ շաբաթվանից: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, այն կղեկավարի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Հանձնաժողովի առաջին նիստը տեղի է ունենալու այսօր՝ հունիս 4-ին: Լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանն ասաց, որ հանձնաժողովի նիստի ընթացքում կտրվեն բոլոր հարցերի պատասխանները, բացի դա Կարապետյանը նշեց, որ հանձնաժողովը քննելու է Ապրիլյան պատերազմի վերաբերյալ բոլոր այն հարցեր, որոնք հետաքրքրում են հասարակությանը: Օրակարգը նույնպես հաստատվելու է հանձնաժողովի նիստի ընթացքում:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյանները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը հրավիրվեն հանձնաժողովի նիստերին, Կարապետյանը պատսախնեց, որ որեւէ կաշկանդվածություն չունեն՝ անկախ նրանից պաշտոնյան ներկա է, թե նախկին․

«Քննելու ենք ամբողջ գործընթացը եւ այստեղ որեւէ կաշկանդվածություն չկա: Եթե անհրաժեշտություն լինի Սերժ Սարգսյանին հրավիրել, ապա կհրավիրենք»:

Լրագրողների հարցին՝ պատգամավորի կարծիքով կլինի՞ նման անհրաժեշտություն, թե՞ ոչ, Կարապետյանն արձագանքեց, որ երբ հանձնաժողովը սկսի իր աշխատանքները եւ անհրաժեշտ լինի այս կամ այն պաշտոնյային հրավիրել նիստին՝ նախկին եւ ներկա պաշտոնյաները պարտավոր են ներկայանալ․

«Մենք չենք ուզում անմեղության կանխավարկած խախտել եւ ասել, որ այդ մարդիկ ունեն մեղավորություն, բայց եթե անհրաժեշտություն առաջանա, ապա նրանք պետք է ներկայանան նիստին, քանի որ նախկինում պաշտոն են զբաղեցրել: Այդ թվում նաեւ Արցախի Հանրապետությունից: Կարծում եմ՝ մեր Արցախի Հանրապետության մեր գործընկերները եւս շահագրգռված են բացահայտել Ապրիլյանի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները ստանալ»,- ասաց Կարապետյանը:

Պատգամավորը նշեց, որ թյուր տպավորություն է ստեղծվել, թե հանձնաժողովը զբաղվում է միայն պատժիչ գործունեությամբ, բայց հանձնաժողովի աշխատանքը միտված է բացահայտել այդ օրերին արված հերոսությունները․

«Կան մարդիկ, որոնք մինչ այսօր գնահատված չեն: Այստեղ քննվելու է ապրիլյանի ամբողջ գործընթացը՝ ի՞նչ եղավ, ինչի՞ց եղավ, որո՞նք էին պատճառները, հնարավո՞ր էր կանխել: Պետք է տրվեն բոլոր հուզող հարցերի պատասխանները եւ հետեւություններ անել, որպեսզի խուսափենք կրկնությունից»,-ասաց պատգամավորը:

Կարապետյանն անդրադարձավ նաեւ այն քննադատությանը, որ հանձնաժողովում կան մարդիկ, որոնք չեն ծառայել եւ նրանք չեն կարող լինել այս հանձնաժողովում: Պատգամավորը նշեց, որ ինքը նույնպես չի ծառայել: Ամբողջ հանձնաժողովում չեն ծառայել Քրիստինե Պողոսյանը եւ Տիգրան Կարապետյանը: Վերջինս ընդգծեց, որ հանձնաժողովը զբաղվելու է նաեւ ոչ ռազմական հարցերով:

armtimes.am