«Որպեսզի էժան շահարկումների տեղիք չտամ, չեմ պատրաստվում ինքս գնալ դատարան». «Իմ քայլի» պատգամավորը՝ Քոչարյանի դեմ ակցիային մասնակցելու կոչի մասին. tert.am

Ես կիսվել եմ «Դեմ եմ Հանրապետականին» էջում տեղադրված նկարով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ պարզաբանելով իր էջում տարածած հայտարարությունը:

Նշենք, որ «Դեմ եմ Հանրապետականին» ֆեյսբուքյան էջը կոչ էր անում քաղաքացիներին գնալ դատարան և թույլ չտալ, որ դատավորը փոխի ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը:

Տեղեկացնենք, որ պատգամավորը սկզբում իր էջում տեղադրել էր հայտարարության տեքստը՝ որպես գրառում, այնուհետև ջնջել է այն և կիսվել «Դեմ եմ Հանրապետականին» էջի գրառմամբ:

«Մեկնաբանությունում գրել եմ հետևյալը՝ պատգամավորի ստատո՞ւսն է ավելի բարձր, թե՞ երկրի նախագահի, եթե երկրի նախագահը 300 կմ անցնում, գալիս է իր տեսակետը հայտնելու, ես էլ իմ տեսակետն եմ հայտնում իմ անձնական էջում»,-նշեց Հայկ Սարգսյանը:

Նրա կարծիքով՝ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխությունը վտանգի տակ կդնի անկաշկանդ դատավարությունը:

Հարցին՝ պատրաստվո՞ւմ է պատգամավորը գնալ դատարան և մասնակցել Ռոբերտ Քոչարյանի դեմ անցկացվող բողոքի ակցիային, նա պատասխանեց. «Երեկվանից բազմաթիվ զանգեր եմ ստանում մեր քաղաքացիներից, ովքեր խնդրում են գնալ և կանգնել իրենց կողքին, բայց որպեսզի էժան շահարկումների տեղիք չտամ, չեմ պատրաստվում այս պահին գնալ»:

Պատգամավորից Tert.am-ը նաև հետաքրքրվեց՝ արդյոք նոր Հայաստանում հնարավո՞ր է դատավորը ենթարկվի ճնշումների, նա նշեց, որ պետք է այդ հարցը տալ դատավորին՝ արդյոք վերջինս ճնշվո՞ւմ է, երբ իր դիմաց 3 նախագահներ են նստում, թե ոչ, և երբ մեղադրյալի աջակիցները հարվածում ու հայհոյում են մեղադրող կողմի պաշտպաններին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: