Վարչապետի չկատարած խոստումները ձեր փխրուն ուսերի վրա վերցնելուց առաջ իմացեք՝ դա անշնորհակալ գործ է․ Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլին»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չկատարած խոստումները ձեր փխրուն ուսերի վրա վերցնելուց առաջ իմացեք, նաև հետագայի համար պետք կգա, որ դա անշնորհակալ գործ է․ ԱԺ հայտարարությունների ժամին, դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Չի կատարվել խոստումը, չի կատարվել, հարգելի՛ գործընկերներ, բայց ես հասկանում եմ ձեր բարոյական և հոգեբանական «ցայտնոտը»»,-ասաց նա։

Անի Սամսոնյանն այնուհետև անդրադարձավ «Երևանի քաղաքապետի արկածներին» և ասաց, որ Հայկ Մարությանը հավաքել է քաղաքապետարանի աշխատողներին, «խելք խելքի են տվել» մտածել են, որ շատ են աշխատում և քիչ են վարձատրվում, հետևաբար՝ պետք է ավել վարձատրվեն, որպեսզի ավելի արդյունավետ աշխատեն։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը նշեց, թե պարզվել է, որ քաղաքապետը պետք է ստանա 1 մլն 200 հազ դրամ, մոտ այնքան, որքան ՀՀ վարչապետը, իսկ աշխատակազմի ղեկավարի տեղակալն էլ կվարձատրվի ավելի շատ, քան մարզպետները։

«Համեմատեք մասշտաբները։ Ո՞վ կբացատրի ինձ, թե ինչ է անելու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, որ պետք է ավելի շատ վարձատրվի, քան ԱԱԾ պետը կամ ոստիկանապետը»,- ասաց նա և նշեց։

Անի Սամսոնյանը նաև դժգոհեց քաղաքապետի տեղակալների աշխատանքից։ Մասնավորապես, նա նշեց, որ Հրաչյա Սարգսյանը, որը համակարգում է Երևանի կոմունալ ոլորտը, «այնքան անկարողունակ դարձավ կոմունալ բեռը վերցնել իր վրա,  որ հույսը մնաց էլի Կամո Արեյանի վրա», որը ներկայում քաղաքապետի խորհրդականն է։ «Եվ այս պարագայում էլ բարձրացնում են աշխատավարձը»,- ասաց նա։

Անի Սամսոնյանը նաև նշեց, թե քանի որ քաղաքին դոտացիաներ են տրվում պետբյուջեից, այդ որոշումն ընդունվելուց հետո ինքը պահանջելու է Երևանին տրվող դոտացիաները և սուբվենցիաները վերանայվեն։ «Եթե այդքան ինքնաբավ է քաղաքը, որպեսզի 2 միլիարդով ավելացվի բյուջեի բեռը, ուրեմն չպետք է տրվեն»,- ասաց նա։