Լոռու մարզպետարանից դպրոցների տնօրեններից պարզաբանում են պահանջել՝ ինչու չեն մասնակցել «քաղաքացու օրվա» տոնակատարություններին

Լոռու մարզպետարանի կրթության, սպորտի և մշակույթի վարչության աշխատակիցները Լոռու մարզի դպրոցների տնօրեններից բացատրություն են պահանջել, թե ինչու վերջիններս ներկա չեն եղել և չեն մասնակցել «քաղաքացու օրվա» առիթով մարզում կազմակերպված միջոցառումներին: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Վանաձորի դպրոցներից մեկից:

Tert.am-ի զրուցակցի խոսքով՝ տնօրենները նախկին գործընկերոջ հոգեհանգստի ժամանակ են իմացել, որ այս երևույթը համատարած բնույթ է կրել. «Տնօրենները վիրավորված էին, նախ՝ նշում են, որ այդ օրը նաև իրենց օրն է, ու իրենք էլ ազատ քաղաքացիներ են և իրավունք ունեն օրը տնօրինել՝ իրենց հայեցողությամբ: Ինչո՞ւ պետք է տեղեկացնեն՝ ինչպես են կազմակերպել իրենց օրը»:

Նա նաև նշեց, որ նմանատիպ երևույթ մշտապես եղել է նախորդ իշխանությունների օրոք. «Միշտ էլ զանգահարել են, ներկայություն, որոշակի քանակ են պարտադրել, այս անգամ նախապես նման զանգ չի եղել, այլ եղել է միջոցառումներից հետո: Տնօրեններն ասում են, որ եթե այս հարցը հիմա չբարձրաձայնվի, հաջորդ անգամ այլ պահանջներ կներկայացվեն: Ստացվում է՝ ամեն ինչ կրկնվում է և ավելի վատ ձևով»:

tert.am