«Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տա՞կ է գտնվել, թե՞ ոչ՝ փաստը մնաց օդի մեջ. դա չի գնահատվել». Տիգրան Աթանեսյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ապրիլի 25-ին հրապարակել է Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը։

Ըստ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի՝ դիմումը ներկայացվել էր 2008թ․ օգոստոսի 30-ին և վերաբերում էր ՀՀ նախագահ Տեր-Պետրոսյանի (1991-1998թթ.)՝ 2008թ․ նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական շրջանում բողոքի խաղաղ հավաքների իրավունքի խախտմանը, ինչպես նաև՝ այդ խախտումների դեմ Հայաստանում արդյունավետ պաշտպանության միջոցների բացակայությանը, իր՝ Ազատության հրապարակում ձերբակալության և ազատ տեղաշարժի սահմանափակմանը 2008թ․-ի մարտի 1-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև՝ իր իրավունքների խախտումները քաղաքական հայացքների հիմքով խտրականության դեմ։

Ըստ ամենայնի՝ ՄԻԵԴ-ը բավարարել է բողոքի 4 կետերից 3-ը՝

Խաղաղ հավաքների իրավունքի մասով

ՄԻԵԴ-ը մերժել է Կառավարության բոլոր պնդումներն այն մասին, որ 2008թ․-ի մարտի 1-ի վաղ առավոտյան հավաքն Ազատության հրապարակում խաղաղ չի եղել։ Այն արձանագրել է, որ այդ հավաքի խաղաղ բնույթը հերքող որևէ ապացույց Կառավարության կողմից ներկայացված չի եղել։ Եվ, հետևելով Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով զարգացրած իր դիրքորոշմանը, եզրահանգել է, որ խաղաղ հավաքի ցրելը չի ունեցել որևէ հիմնավորում, պատճառաբանվել է կասկածելի հանգամանքների վկայակոչմամբ, առանց նախապես զգուշացման և ուժային միջամտությամբ։ Այս ամենը համարվել է որպես մի միջոց, որին պետությունը չէր կարող դիմել ողջամտության սահմաններում։ Արդյունքում՝ խախտվել է դիմողի խաղաղ հավաքների ազատությունը։

Արդյունավետ պաշտպանության իրավունքի մասով

ՄԻԵԴ-ն այս մասով նույնպես ճանաչել է իրավունքի խախտում, արձանագրելով, որ դիմողը չի ունեցել իր խաղաղ հավաքների ազատության խախտման դեմ արդյունավետ պաշտպանություն Հայաստանում։

Խտրական վերաբերմունքի մասով

Խտրականության արգելքի խախտման մասով դիմողի պահանջները ՄԻԵԴ-ն անհրաժեշտ չի համարել քննել, հաշվի առնելով արդեն իսկ հանգած եզրակացությունը խաղաղ հավաքների և ազատ տեղաշարժի իրավունքների մասով։

Միայն անձնական ազատության և ազատ տեղաշարժի իրավունքի մասով է ՄԻԵԴ-ն արձանագրել, որ չնայած դիմողի տնային կալանքի մասին մտահոգիչ և արժանահավատ զեկույցներին, այս հարցը ներպետական բողոքարկման առարկա չէր դարձվել, և Դատարանն իր տնօրինության տակ չի ունեցել բավարար ապացույցներ հաստատապես համոզված լինելու համար, թե արդյո՞ք պետական պահպանության ծառայությունը վերազանցել է իր պարտականությունները և արդյո՞ք դիմողի անձնական ազատության և ազատ տեղաշարժի իրավունքները խախտվել են։

Այս վերջին կետը բազմաթիվ շահարկումների թեմա դարձավ հայկական ԶԼՄ-ներում ու սոցցանցային տիրույթում, և շատերը համարեցին, որ սեփական տանը փակվելը և իրեն ձայն տված ցուցարար ժողովրդին չառաջնորդելն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական որոշումն էր, այլ ոչ թե ազատ տեղաշարժի սահմանափակման արդյունք։

ՄԻԵԴ-ի այս որոշումը 168.am-ը խնդրեց մեկնաբանել փաստաբան Տիգրան Աթանեսյանին։

Վերջինս նշեց, որ հիմա թեպետ մեկնաբանություններ են տարածվել, որ դա Տեր-Պետրոսյանի պարտությունն է, սակայն ինքը դրա հետ կտրականապես համաձայն չէ։

«Պահանջի այն մասը, որ ՀՀ առաջին նախագահը պահվել է տնային կալանքի տակ, ճանաչվել է ոչ ընդունելի, և դա՝ այն պատճառով, որ չի եղել հարցի ներպետական վիճարկում կամ բողոքարկում, իսկ եղած երկու տարբեր դիրքորոշումների պայմաններում (դիմողի և կառավարության) ՄԻԵԴ-ը բավարար տվյալներ չի գտել գործի նյութերում, որոնք թույլ կտային հաստատել այդ փաստը միանշանակ»,- ասաց Տ. Աթանեսյանը։

Ըստ նրա՝ սա ոչ թե իրավաբանական երևույթ է, այլ զուտ փաստական հանգամանքների շուրջ միանշանակ եզրահանգման չգալու փաստում, ուստի, ասել, որ այս վճռով հերքվում է, որ առաջին նախագահին չեն թողել տանից դուրս գալ, սխալ է։

Փաստաբանը կարծում է, որ սա օգտագործվում է PR նպատակներով։

«Իմ կարծիքով, ժամանակին պարոն նախագահի փաստաբաններն ուղղակի դա պետք է ներպետական ատյաններում վիճարկեին, որպեսզի փաստի վերաբերյալ վեճ լիներ։ Ցանկացած ձևով։ Դա կարող էր լինել հաղորդում հանցագործության մասին, նյութեր նախապատրաստվեին, մերժվեին, վարչական դատարանում վիճարկվեր, և այլն։ Այսինքն՝ ցանկացած բան, որ Հայաստանի ներսում պետք է օգտագործվեր, պետք էր օգտագործել։ Ուղղակի ամեն ինչն ակնհայտ են համարել, եվրոպացիների զեկույցները՝ բավարար, և այդ հիմքով են դիմել։ Դատարանն էլ այդպես չի գտել։ Դա շատ սովորական, իրավաբանական պրոցես է։ Իմ կարծիքով, իզուր են դա փորձում քաղաքական նպատակներով շահարկել»,- նշեց Տիգրան Աթանեսյանը՝ հավելելով, որ 45-46 պարագրաֆներում, իր դատողություններում ՄԻԵԴ-ն այս եզրահանգմանն է եկել. ուղղակի գտել է, որ նյութերը բավարար չեն այս փաստը հաստատելու համար, ուստի այս մասով քննություն չի կատարել և գանգատն ընդունելի չի համարել։

Տ. Աթանեսյանը կարծում է, որ Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տա՞կ է գտնվել, թե՞ ոչ՝ փաստը մնաց օդի մեջ. դա չի գնահատվել։

Ինչ վերաբերում է խաղաղ հավաքների իրավունքի մասով ՄԻԵԴ վճռին, հայտնի փաստաբանը կարծում է, որ կրկնվել են բոլոր այն եզրահանգումները, որոնք արվել են Մուշեղ Սաղաթելյանի գործով, այսինքն՝ մեծ հաշվով, այդ մասով բոլոր գանգատները միանման են։

«Կոպիտ ասած՝ Մարտի 1-ով ՄԻԵԴ-ն արդեն նախադեպային իրավունք ունի ձևավորած, ուստի ապագա վճիռներով էլ նույնն է կրկնվելու»,- նկատեց Տիգրան Աթանեսյանը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ սա հաղթած վճիռ է զուտ իրավաբանության տեսակետից, որովհետև եթե 4 բողոքից 3-ը բավարարվել են, ապա իրավաբանորեն կարելի համարել հաղթած վճիռ։

Աղբյուրը` 168.am