Մամուլի տեղեկությունը, թե վարչապետը մերժել է ԱԱԾ-ին Սանասարյանի հարցով, իրականությանը չի համապատասխանում

Քիչ առաջ որոշ կայքեր հղում անելով «Փաստինֆո»-ին գրեցին, թե վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ վարչապետ Փաշինյանը մերժել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի ներկայացրած միջնորդությունը:

Իրականում, սակայն, պարզվում է, Վլադիմիր Կարապետյանը նման հայտարարություն չի արել եւ հրապարակումները կեղծ են: Քիչ առաջ մեզ հետ զրույցում վարչապետի խոսնակը ԱԱԾ-ի միջնորդության վերաբերյալ ընդամենը ասաց. «ԱԱԾ-ն վարչապետի ենթակա մարմին է»:

Ավելի վաղ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից թույլ տրված ենթադրյալ չարաշահումների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Դավիթ Սանասարյանին առաջադրվել է մեղադրանք: Գործը քննող ԱԱԾ քննիչը որոշում էր կայացրել ժամանակավորապես դադարեցնել նշված ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարումը եւ որոշումն ուղարկել էր վարչապետին: