Ներմուծման վրա պետտուրք ավելացնելով՝ աջակցում ենք տեղական արտադրողին․ Հայկ Սարգսյան

«Բարգավաճականներին չգիտեմ, թե ինչն է վրդովվեցրել, բայց ես նման բան չեմ ասել: Ես ասել եմ՝ ժամանակին հասկանանք, թե ինչն է մեզ շահեկան որպես պետություն՝ ունենալ աշխատատեղե՞ր, թե՞ ունենալ մատչելի ցեմենտ»,-ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանն՝ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պարզաբանելով իր խոսքը, թե կարելի է 400 աշխատատեղ փակել, փոխարենը՝ շինարարությունը խթանել: Նա ասաց, որ չի հասկանում, թե ինչից են ԲՀԿ խմբակցության պատգամավորները ենթադրել, որ ինքը նկատի ունի «Արարատցեմենտի» աշխատակիցներին։

«Իմ հարցադրումը դա չէր ենթադրում, այլ ենթադրում է, որ շուկայում պետք է ունենանք մատչելի ցեմենտ ու տեղական արտադրող։ Եթե չունենանք արտադարություն, մեր հարևան երկրները շատ արագ ցեմենտի գինը կբարձրացնեն։ Այսինքն՝ և ՛ ներմուծում, և՛ արտադրություն ունենալու դեպքում կարող ենք ունենալ մատչելի ցեմենտ, ինչին ապացույց կարող ենք բերել այն, որ երբ իրանական ցեմենտը մտավ շուկա, ցեմենտի գինը նվազեց 10 հազար դրամով»,- ասաց նա։

Սարգսյանը չի կարծում, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո Կառավարությունը որոշումը կփոխի։ Նա նկատեց, որ  Կառավարությունը բերել է օրենսդրական նախաձեռնություն, իսկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, որտեղ կան 3 ԲՀԿ-ական պատգամավորներ, միաձայն կողմ են քվեարկել։ Միևնույն ժամանակ նա հիշեցրեց, որ նախագիծն առաջին երկրորդ ընթերցում անցնելիս փոփոխությունների պետք է ենթարկվի։

«Նպատակ ունենք, նիստին էլ հայտարարել ենք, որ առաջին, երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում շարունակելու ենք ունենալ հանդիպումներ ցեմենտարտադրողների, սպառողներ, ներմուծողների հետ, որպեսզի հասկանանք, թե որն է կոնսենսուսային տարբերակը, որը ոչ մեկին շուկայում չի վնասի։ Հնարավոր է՝ պետտուրքի չափը փոխվի, ինչպես նաև քննարկվում է հումքի վրա տարածվելու կամ չտարածելու հարցը։ Խնդիր ունենք արագ կազմակերպելու, քանի որ, եթե արագ չքննարկենք ու ներմուծվող ցեմենտ վրա պետտուրք չսահմանենք, ապա «Արարատցեմենտը» կկանգնի, Երևանի ու Հրազդանի գործարաններն էլ»,- ընդգծեց Սարգսյանը։

Պատգամավորի խոսքով՝ իրենք պետտուրք սահմանելով պաշտպանում են  տեղական արտադրողներին։ Նա պարզաբանեց, որ Իրանում ցեմենտը սահմանին արժե 10 հազար դրամ, իսկ ՀՀ-ում ամենամատչելի ցեմենտը վաճառում է «Արարատցեմենտը»՝ 40 հազար դրամ։

«4 անգամ տարբերություն կա հայկական ու պարսկական ցեմենտի գների մեջ։ Դրա համար մենք 22 հազար դրամ պետտուրք ենք սահմանում ներմուծողի վրա, որպեսզի  դրան գումարվեն նաև տրանսպորտային ծախսերը, ինչից հետո կհավասարվի մեր տեղական արտադրողի գնին»,- մանրամասնեց պատգամավորը։

Հայկ Սարգսյանը, խոսելով օրենքի փոփոխության հետ կապված դժգոհությունների մասին, նկատեց, որ դժգոհողները ցանկանում են, որ պետտուրքը տարածվի նաև հումքի վրա։

«Եթե պետտուրք կիրառվի նաև հումքի վրա, ՀՀ-ում աշխատող գործարանը կտուժի։ ՀՀ-ում աշխատող գործարաններից 2-ն իրենց հումքով են աշխատում, իսկ մեկը հումքը ներկրում է։ Այդ դեպքում Երևանի գործարանը կփակվի, դրա համար հարցին շատ մանրամասն ենք ցանկանում անդրադառնալ, որ մեր տեղական արտադրողը չտուժի։ Մեզ չի հետաքրքրում, թե ով է սեփականատերը, մեզ հետաքրքրում է, որ շուկայում մնան 3 արտադրող, որ մրցակցություն լինի, ինչի արդյունքում էլ գինի իջնի, որակը՝ բարձրանա»,- եզրափակեց Հայկ Սարգսյանը։