Խորհրդարանը մերժեց նախագահին. նոր իրավիճակ

Խորհրդարանում նախօրեին մերժվեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածությունը, որը ներկայացրել էր նախագահ Արմեն Սարգսյանը: Թեկնածուն Բեռլինում աշխատող, իրավագիտության դոկտոր, Հայաստանի քաղաքացի Գոռ Հովհաննիսյանն էր: Մինչ խորհրդարանը կհասներ նախագահ Սարգսյանի ներկայացրած թեկնածության քննարկմանը, մամուլում արդեն իսկ տեղեկություններ էին շրջանառվում, որ «Իմ քայլը» կայացնելու է քաղաքական որոշում Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը մերժելու համար: Այդ որոշումը պայմանավորվում էր նրանով, որ իշխող մեծամասնության նախընտրելի թեկնածուն փաստաբան Վահե Գրիգորյանն էր, Մարտի 1-ի իրավահաջորդների պաշտպանը ՄԻԵԴ-ում: Վահե Գրիգորյանի թեկնածությունը Արմեն Սարգսյանն առաջադրել էր նախորդ խորհրդարանին՝ 2018-ին, թավշյա հեղափոխությունից հետո, որը, սակայն, մերժվեց, փաստացի ՀՀԿ մեծամասնության դեմ լինելու պատճառով:

Նոր խորհրդարանում Արմեն Սարգսյանը ներկայացրել էր նոր թեկնածու, թեև նրան թեկնածության դիմում վերստին ներկայացրել էր նաև Վահե Գրիգորյանը, որը վարչապետ Փաշինյանի խորհրդականն է: Սակայն Արմեն Սարգսյանն ընտրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը ԱԺ ներկայացնելու համար: Բանն այն է, որ օրենքը պահանջում է մի թեկնածուի մերժման դեպքում նոր թեկնածուի առաջադրում, ըստ այդմ, Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումը խնդիր էր ունենալու օրենքի տեսանկյունից: Միաժամանակ պետք է դիտարկել նաև այն, որ իշխող մեծամասնությունը փոփոխություն է նախաձեռնել Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության մասին օրենսդրական կարգավորման մեջ, որի իմաստն այն է, որ Վահե Գրիգորյանն ապագայում կստանա դարձյալ առաջադրվելու հնարավորություն: Այստեղ, սակայն, հարցն այն է, թե արդյո՞ք նրան կառաջադրի հանրապետության նախագահը, որը փաստորեն ապրիլի 16-ին արժանացավ արդեն նոր իշխող մեծամասնության մերժմանը: Կասկած չկա, որ կայացվել է իրապես քաղաքական որոշում, որի մասին գրում էր մամուլը: Իսկ դա էլ անկասկած է դարձնում այն, որ որոշումը կայացված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով:

Փաստացի ստացվում է, որ խորհրդարանական քվեարկությունն ավելի շուտ Փաշինյանի մերժումն էր Արմեն Սարգսյանին: Արդյո՞ք դա գործնականում քաղաքական գրոհի իմաստ և նշանակություն ուներ, թե՞ նախ մերժել էր Արմեն Սարգսյանը, հենց քաղաքական նկատառումով չընդունելով նախընտրելով ներկայացնել այլ թեկնածուի, քան «Իմ քայլի» նախընտրածը: Բայց չէ՞ որ այստեղ խնդիրն առաջին հերթին օրենսդրության պահանջն էր՝ նոր թեկնածուի պահանջը: Բոլոր դեպքերում ակնառու է, որ Սահմանադրական դատավորի զուտ իրավական կարգավիճակի ընտրության խնդիրը ստացավ քաղաքական համատեքստ: Գործնականում այլ կերպ հնարավոր էլ չէ, ի վերջո դժվար է խորհրդարանում պատկերացնել առանց քաղաքականության, թեկուզ առանց քաղաքական համատեքստի քվեարկություն: Ի վերջո, խոսքը քաղաքական մարմնի, քաղաքական ամբիոնի, քաղաքականության կենտրոնական ինստիտուտի մասին է: Պարզապես հարցն այն է, թե ինչ որակով և բովանդակությամբ է իրականացվում քաղաքական առաքելությունը՝ կախված տարբեր հարցերի, այդ դեպքում դատավորի Բարձր կարգավիճակի հետ կապված խնդրի դեպքում: Այս դեպքում պահանջվում է ընտրություն մասնագիտական չափանիշների և քաղաքական չեզոքության սկզբունքով, ինչը, սակայն, ակնհայտորեն տեղի չունեցավ:

Ստեղծված իրավիճակում հետաքրքիր է թերևս հասկանալ՝ արդյո՞ք «խաղն արժեր» այնքան, որ փաստացի կատարվեր իշխող թիմի որոշակի դեմարշ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ: Կա՞ր դրա պատճառը կամ մոտիվը, և ո՞րն էր այն: Եթե ոչ, ապա ո՞րն էր այն ավելի զորեղ պատճառն ու մոտիվը, որը ստիպեց կամ դրդեց կանգ չառնել դեմարշի համատեքստի առաջ: Արդյոք խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությունը նշանակում է իշխող մեծամասնության և նախագահի, կամ պարզապես վարչապետ-նախագահ փոխհարաբերության որոշակի նոր փուլ, այսպես ասած՝ հեղափոխական ներդաշնակության փուլի ավարտ և քաղաքական փուլի մեկնարկ: Այն, իհարկե, իր մեջ կարող է պարունակել թե՛ դրական, թե՛ բացասական տարրեր՝ քաղաքական զարգացման տրամաբանության տեսանկյունից: Ամեն ինչ կախված է իհարկե այն հանգամանքից, թե ինչ արժեհամակարգային և մտածողական հիմք է այդ փոխհարաբերության տակ ընդհանրապես:

Աղբյուրը` 1in.am