ՔՊ վարձակալած գրասենյակը ոչ միայն Գագիկ Խաչատրյանինը չէ, այլեւ Խաչատրյանն այն խլել էր ինքնասպան եղած գործարարից

Մի քանի կայքերում լուրեր տարածվեցին, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գրասենյակ է վարձակալել ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին պատկանող շենքում։ Այս լուրերը շահարկեցին նաեւ տարբեր քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Արդյոք սա՞ է պատճառը, որ Հայաստանի թալանի մեջ ամենաշատ մեղադրվող Գագիկ Խաչատրյանը դեռեւս ՀՀ ԱՆ որեւէ քրեակատարողական հիմնարկում նստած չէ»։

ՔՊ-ն այս տեղեկությունը հերքեց՝ տեղեկացնելով, որ կուսակցությունը Սայաթ-Նովա 40 հասցեում գտնվող գրասենյակը վարձակալել է 1 տարի ժամկետով՝ 01/03/2019թ․-01/03/2020թ․՝ տարածքի սեփականատեր ոմն Դավիթ Թադեւոսյանից, եւ այն ամենեւին էլ չի պատկանում Գագիկ Խաչատրյանին։ Ավելին, Գագիկ Խաչատրյանն այդ հասցեի շենքը խլել է հայտնի գործարար Համլետ Ամիրխանյանից, որը մի քանի տարի առաջ՝ 2015 թվականին ինքնասպանություն գործեց։

Համլետ (Աբրամ) Ամիրխանյանի ինքնասպանությունը կապվում է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի անվան հետ։ Նման բան կարծելու առիթ է հանդիսացել Ամիրխանյանի՝ ինքնասպանությունից առաջ գրված նամակը։

Այդ նամակում Աբրամ Ամիրխանյանը պատմել է, որ 2010 թվականին ինչ-որ «հրեշներից» վարկ է վերցրել, իսկ վարկատու հանդես է եկել ինչ-որ «Բրեդվել Լիմիթիդ»: Ամիրխանյանը գրավադրել է իր՝ Վարդանանց փողոցում 2200 մետր հողը՝ կառուցման իրավունքով, եւ Խանջյան 29 հասցեի շինությունը, եւ, ինչպես ինքն է գրել, ընկել է թակարդը։ Աբրամ Ամիրխանյանն իր նամակում, ըստ էության պատմել է, որ իրենից այդ «հրեշները» խլել են ամեն ինչ, իրենից գնել են Սայաթ-Նովա 40 հասցեի 5 հարկերը՝ շատ ցածր արժեքով, եւ այլն։ Ամիրխանյանի նամակը սկսվում է «Я попал под влиянием “Монстра”» նախադասությամբ, եւ վերջում գրում՝ «А теперь конкретное имя Монстра»՝ «Իսկ հիմա՝ «հրեշի» կոնրետ անունը. Խաչատրյան Արտյոմ Գագիկի»: (Արտյոմ Խաչատրյանը Գագիկ Խաչատրյանի որդին է,-հեղ․):

Ի դեպ՝ ՀՀ Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ Աբրամ Ամիրխանյանի ինքնասպանության առիթով հարուցված քրեական գործը չի կարճվել եւ չի կասեցվել, եւ այս պահին գտնվում է նախաքննության փուլում։

Այն, որ այդ հասցեի շինությունն ի սկզբանե չի պատկանել Գագիկ Խաչատրյանին, փաստում են նաեւ Սայաթ-Նովա 40 հասցեի բնակիչների բողոքները, որոնք Տուժած շահառուների իրավունքների պաշտպանության գործողությունների համակարգող Էդգար Պողոսյանը նամակի տեսքով ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Այդ դիմումի մեջ 200-ից ավելի տուժած ընտանիքների անունից Էդգար Պողոսյանը ներկայացնում է այն փաստը, որ «Լեւոն Ամիրխանյան», «Ագրոպետրոլսերվիս», «Ուրմ», «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊ ընկերությունների կողմից Սայաթ-Նովա 40, 40/1, Խանջյան 29, Չարենցի 70/8, Վարդանանց 69, Աճառյան 40/9 հասցեներում կառուցված բազմաբնակարան շենքերի բնակարանները, առեւտրային, գրասենյակային տարածքները եւ ավտոկայանատեղերը վաճառվել են բնակիչներին, եւ նրանք՝ սկսած դեռեւս 2006 թվականից, կատարել են նշված շենքերում ձեռք բերված անշարժ գույքերի դիմաց պայմանագրերով նախատեսված վճարումները, վերանորոգել, կահավորել եւ մի մասը փաստացի 8 տարուց ավելի բնակվում են այդ բնակարաններում: Բնակիչներին պատկանող եւ նրանց կողմից փաստացի տիրապետվող բնակարանները, առանց վերջիններիս գիտության, վերոնշյալ ընկերությունները գրավադրվել են Հայաստանի Հանրապետության տարբեր բանկերում եւ վարկային կազմակերպություններում («Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ, որը հետագայում ձեռք է բերվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից, «Արցախբանկ» ՓԲԸ, «Արդշինբանկ» ՓԲԸ, «Էյչ Էս Բի Սի» բանկ ՓԲԸ, «Կոնվերսբանկ» ՓԲԸ, «ՎՏԲ» Հայաստան բանկ ՓԲԸ, «ՊրոմեթեյԲանկ» ՍՊԸ, «Նորվիկ» ՈՒՎԿ ՓԲԸ, «Գլոբալ Կրեդիտ», «Իկսով կրեդիտ» վարկային կազմակերպություն)․

«Ցանկանում ենք առանձնահատուկ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ ըստ մեր տեղեկությունների, այս իրավիճակը կապված է մի խումբ նախկին պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների հետ, մասնավորապես օրինակներից մեկն այն է, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը եւ նրա հարազատները հանգուցյալ Աբրահամ (Համլետ) Ամիրխանյանից (ընկերությունների սեփականատեր) յուրացրել են Սայաթ-Նովա 40 եւ 40/1 հասցեից մոտ 5.000 քմ. (Յուքոմ, Մեգասպորտ, Մեգաթոյս) անշարժ գույք, որը հանգեցրել է «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ սնանկացմանը եւ հարյուրավոր ընտանիքների բնակարաններից զրկվելուն: Բացի վերոնշյալ գույքերից, շենքի ընդհանուր օգտագործման տարածքը, որը նախատեսված է եղել խաղահրապարակի համար (մոտ 1000 քմ), ապօրինի զավթվել է, այդ հատվածում կառուցվել է ապօրինի շինություն, միացվել Յուքոմ ընկերության գրասենյակին եւ հետագայում սեփականաշնորհվել: Բնակիչների կողմից եղել են բազմաթիվ բողոքներ, որոնք հասկանալի պատճառներով անտեսվել են պատկան մարմինների կողմից, իսկ բնակիչներին սպառնացել են տարատեսակ հետապնդումներով»,-ասված է նամակի մեջ։

Ըստ դրա՝ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Աբրահամ Ամիրխանյանի ընկերություններին նույն անձի՝ Գագիկ Խաչատրյանի միջնորդությամբ, 6.000.000 ԱՄՆ դոլար վարկ է տրամադրվել «Արդշինբանկ» ՓԲԸ կողմից, որի դիմաց գրավադրվել են Վարդանանց 69 եւ Խանջյան 29 հասցեներում գտնվող շենքերը: Հետագայում, Աբրահամ Ամիրխանյանի պատմածով, գրավադրված շենքերի դիմաց ստացված վարկային միջոցներից 4.200.000 ԱՄՆ դոլարը հարկադրաբար փոխանցվել է օֆշորային գոտիներում գտնվող Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձանց հաշիվներին, իսկ ընկերությանը որեւէ գումար չի հատկացվել: Մինչդեռ նա այդ գումարները պետք է օգտագործեր շենքերն ավարտին հասցնելու եւ փաստացի սեփականատերերին հանձնելու համար․

«Նաեւ ցանկանում ենք առանձնահատուկ նշել, որ Սայաթ-Նովա 40 եւ 40/1 շենքերի բնակարանները գրավադրվել են ՀՀ բանկերում արդեն իսկ վերջնական կառուցումից հետո, իսկ ստացված գումարներն օգտագործվել են Խանջյան, Չարենց, Վարդանանց եւ Աճառյան փողոցներում կառուցվող շենքերի եւ հյուրանոցի շինարարության համար»,-ասված է վարչապետին ուղղված դիմումի մեջ․

«Բացի այդ, բոլոր տուժած քաղաքացիները նույնաբովանդակ անհատական հայցերով դեռեւս 2013թ.-ից դիմել են ՀՀ դատարաններ, սակայն որեւէ տեղաշարժ նույնպես չկա: Հատկանշական է, որ մոտ 200 նույնաբովանդակ հայցերից ընդհամենը 2-ով արդեն տեւական ժամանակ է, ինչ կայացվել են որոշումներ, եւ ճանաչվել են տուժողների սեփականության իրավունքները: Ցանկանում ենք առանձին նշել, որ տեղաբնակները (освоенщик) հայտնվել են անելանելի վիճակում, քանի որ վերոնշյալ ընկերություններին են հանձնել իրենց սեփականությունը հանդիսացող բնակելի տները, որի դիմաց ընկերությունները պարտավորվել էին հանձնել կառուցվող շենքերից բնակարաններ, սակայն դրանք գրավադրվել են բանկերում առանց տեղաբնակների իմացության: Պետք է նշել նաեւ, որ տեղաբնակների նկատմամբ ժամանակին Աբրահամ Ամիրխանյանը, որը հանդիսանում էր վերոնշյալ կազմակերպությունների հիմնադիր բաժնետերը գործադրել է ճնշումներ, որպեսզի վաճառեն իրեն, հակառակ դեպքում սպառնալով՝ գնել այդ տները չարաբաստիկ պետական կարիքների օրենքի շրջանակներում»:

Բնակիչները հավատացած են, որ Նոր Հայաստանում, նոր քաղաքական իրավիճակում իրենց նախկինում ոտնահարված իրավունքների պաշտպանությունը կլինի վարչապետի ուշադրության կենտրոնում։

Աղբյուրը` http://www.armtimes.com/hy/article/158377