Կգա ժամանակը, կներկայացնենք, թե Քոչարյանի գործով ով ինչ պատվեր է տալիս. պաշտպան

Պաշտպանի գնահատականով՝ Քոչարյանի գործով դատավորն այս փուլում պետք է հերոս լինի, որպեսզի օբյեկտիվ որոշում կայացնի:

 Կգա ժամանակը՝ կներկայացնենք, թե Ռոբերտ Քոչարյանի գործով ով ինչ պատվեր է տալիս: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Քոչարյանի գործի հետ կապված բոլոր պատվերներն արդեն իսկ սկսել ենք իմանալ՝ որտեղից են գալիս, ինչ խողովակներով: Կգա ժամանակը, կներկայացնենք ամեն ինչ, թե ինչպես են դատավորների վրա ճնշումներ գործադրում»,-ասաց պաշտպանը:

Նա նշեց, որ դատավորներին պատվերներ տվողների անունները հիմա տալ չի կարող, սակայն երբ ասի, դրանք կարող են շատերին անակնկալի բերել:

Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում է հիմա Քոչարյանի դատական գործի շրջանակներում,  իրավական անհեթեթության կուլմինացիա է: Պաշտպանի գնահատականով՝ Քոչարյանի գործով դատավորն այս փուլում պետք է հերոս լինի, որպեսզի օբյեկտիվ որոշում կայացնի:

«Քոչարյանն ասել է նաև, որ չի սպասում, որ այս փուլում իր դեմ հարուցված գործով արդար որոշում կկայացվի»,-ասաց Ալումյանը:

Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ դատարանը որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թողնել կալանքի մեջ։ Մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Դատարանի հիշյալ որոշումը պաշտպանական խումբը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում:

 

Աղբյուրը՝ armeniasputnik.am