Իմացանք, որ ինչ-որ բան է եղել, ես անգամ փորձել եմ իր հետ խոսել. Գագիկ Հարությունյանը ՍԴ նախկին անդամին ճնշելու մասին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը Մարտի 1-ի գործով չի հարցաքննվել:

Մեր հարցին ի պատասխան Գագիկ Հարությունյանն ասաց, թե արդարադատության իրականացմանը ՍԴ նախագահը չէր կարող խոչընդոտել: Այնինչ մեր հարցը վերաբերում էր նրան՝ արդյոք այդ դրվագով ինքը հարցաքննվե՞լ է, թե ՝ոչ:

ՀԺ-ի ճշտող հարցին՝ 2008-ին ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանի նկատմամբ այնուամենայնիվ ճնշում գորածադրվե՞լ է, Հարությունյանը արձագանքեց. «Իրեն հարցրեք»: Մեր պնդմանը՝ դուք տեղյակ չեք եղել, Հարությունյանը բացասական պատասխան տվեց. «Ես տեղյակ չեմ եղել, Վալերի Պողոսյանը այդ օրը նիստի չի եկել, ներկայացվել է, որ հիվանդ է: Հետագայում, երբ այդ Վիքիլիկսի շուրջ խոսակցությունները եղան, հետագայում մենք իմացանք, որ ինչ-որ բան է եղել: Ես անձամբ փորձել եմ իր հետ խոսել, ինքը պարզապես չի ուզել մանրամասներ ասել՝ նշելով, որ էական բան չկա, փակել է այդ խոսակցությունը»:

Մեր մյուս հարցին՝ նախկին իշխանությունները 2008-ին փորձե՞լ են ձեզ ճնշել, Հարությունյանը բացասական պատասխան տվեց. «Բնականաբար ոչ, եթե դուք փորձեք ծանոթ լինել 2003 թվականի մեր որոշմանը եւ դրանից հետո որոշակի հարաբերությունների համոզված կլինեք, որ նման քայլ չէին կարող իմ նկատմամբ անել»,- հավելեց ԲԴԽ նախագահը:

Նշենք, որ ըստ ամենայնի խոսքը՝ 2003 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրությունների մասին է: Թեեւ Սահամանադրական դատարանը մերժել էր նախագահաի թեկնածու Արտաշես Գեղամյանի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումը, սակայն արձանագրել էր, որ նախագահական ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ եւ տարաբնույթ օրինախախտումներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ելույթում խոսել էր դատական իշխանության անկախությանը խոչընդոտողների մասին: Թե ովքե՞ր են այդ խանգարողները՝ Գագիկ Հարությունյանն ասաց, որ ոչ թե խանգարողներ կան, այլ խանգարող հանգամանքներ. «Առ այսօր մեր գործունեությանը խանգարողներ չկան»: Հարցին՝ նախկին իշխանություննե՞րն էին խանգարում ունենալ անկախ դատական իշխանություն՝ Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Հարցը վերաբերում է ընդհանրապես համակարգին, դրա գործունեության հիմքերին: Խանգարում էր այն, որ չկար այդ համակարգը, չկային այդ նախադրյալները, նաեւ տարաբնույթ սուբյեկտիվ միջամտությունները»: Հարցին՝ վարչապետն ասում է՝ դատավորներին զանգեր չպետք է լինեն, նախկինում զանգեր լինո՞ւմ էին՝ Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Այսպես կոչված հեռախոսային արդարադատությունը շատ պրիմիտիվ մոտեցում է այդ հարցին, որը ժամանակին կարող է շատ է եղել, քիչ է եղել: Արդարադատության համար անկախության երաշխիքները առնվազն 4-ը պետք է լինեն՝ ֆունկցիոնալը, ինստիտուցիոնալը, նյութականը, սոցիալականը: Ես խորապես համոզված եմ, որ այդ երաշխիքները դեռեւս այսօր էլ անբավարար են եւ մեր ամբողջ գործունեությունն այսօր ուղղված է այդ երաշխիքների ստեղծմանը: Եթե դուք ստեղծում եք այդ օբյեկտիվ երաշխիքը, սուբյեկտիվ միջամտությունը զրոյացվում է, նվազագույնի է հասցվում»:

Լրագրողների դիտարկմանը ԱԺ ներկայիս պատգամավորները վարչապետին հարցրեցին, որ Բարձրագույն դատական ներկայիս խորհուրդը լեգիտիմ չէ, հաշվի առնելով, որ ԱԺ-ն նույնպես ցրվեց, քանի որ լեգիտիմ չէր, հետեւաբար այդ ԱԺ-ի կողմից ընտրված ԲԴԽ անդամները նույնպես լեգիտիմ չեն եւ դուք էլ այդ պաշտոնում լեգիտիմ չեք: Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Այդ Ազգային ժողովն ընտրել էր նաեւ վարչապետ, այդ ԱԺ-ն ընտրել էր նաեւ երկրի նախագահ, եւ երկրում պետք է լինի նաեւ ինստիտուցիոնալ հիշողություն: Չի կարելի ամեն ինչին մոտենալ՝ այս ինչ աշխարհ է, կքանդենք մենք եւ այլն: Դա շատ սխալ մոտեցում է: Պետք է զարգացում լինի եւ այստեղ որեւէ խնդիր չկա, իսկ ԱԺ պատգամավորը նրա համար է, որ ինչ մտածում է՝ ասի, բայց ամեն ասած չէ, որ պետք է հալած յուղի տեղ ընդունել»: Հարցին՝ դատական համակարգի ներկայացուցիչները կոնկրետ ձեր լեգիտիմությունը վիճարկելու համար դիմել են դատարան՝ նշելով, որ ձեր տարիքը չի համապատասխանում, դուք ԲԴԽ լեգիտիմ նախագահ չեք, իրենք պատրաստվում են դիմել նաեւ ՄԻԵԴ, հետագայում, եթե ՄԻԵԴ-ն ընդդեմ ՀՀ-ի որոշում կայացնի, ԲԴԽ-ի որոշումները խնդրահարույց են լինելու, դուք ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում՝ Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Այդտեղ խնդիր չկա, որ հանգուցալուծում լինի: Քանի որ դատավորները դատական վեճ ունեն, ես չեմ մեկնաբանի նրանց ասածը եւ արածը: Այդտեղ որեւէ օրենսդրական խնդիր առկա չէ՝ ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ Դատական օրենսգրքով, ո՛չ էլ այլ իրավական ակտով: Նման սահմանափակում գոյություն չունի: Հարցադրումն այնտեղ վերաբերել է զուտ ընտրության կարգին, որը Դատական օրենսգրքով է նախատեսված, դրույթ կա, որը անցումային ժամանակաշրջանի համար այլ ընթացակարգ է սահմանել, այդտեղ որեւէ խնդիր գոյություն չունի»: