Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դրան միջազգային հնչեղություն տալու կոչ անող բանաձևի ընդունումը որևէ ուժ չունի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Իտալիայի խորհրդարանի որոշումը, ինչպես նաև պատմությունը քաղաքականացնելու բոլոր փորձերը որևէ ուժ չունեն: Անթույլատրելի է այն, որ Իտալիայի խորհրդարանը գործիքն է դարձել այն խաղի, որը կազմակերպվել է Եվրախորհրդարանում այլատյացություն քարոզող կուսակցությանը ձայներ բերելու նպատակով»,- գրել է արտգործնախարարը թվիթերյան իր էջում:
Նախաձեռնության ընդունմանն անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, որը նշել է, որ այդ քայլն «արհամարհում է պատմական իրողությունները» և «նոր տարաձայնություններ է սերմանում»:
«Վճռականորեն դատապարտում ենք այդ քայլը, որն արհամարհում է մեր նախագահի՝ համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու կոչը և քաղաքական պոպուլիզմ է հրահրում»,- գրել է Քալընը «Թվիթեր»-ում:
Հիշեցնենք, որ Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը երեկ 382 կողմ և 43 ձեռնպահ ձայնով հավանության է արժանացրել Իտալիայի կառավարությանը Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ անող նախաձեռնությունը: Նշվում է, որ նպատակը «Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելը և դրա միջազգային ճանաչմանը հասնելն» է:
Պատգամավորների պալատը Հայոց ցեղասպանության հարցն օրակարգում ներառելու միաձայն առաջարկով հանդես էր եկել այս շաբաթվա սկզբին:
Պատգամավորների պալատի այս նախաձեռնությունը հարուցել էր Թուրքիայի զայրույթը, որի պատճառով Իտալիայի դեսպանին կանչել էին ԱԳՆ: