Վարչապետը մաքսային ծառայության աշխատակցին աշխատանքից հեռացնելու լիազորություն չունի , ոչ էլ իրավունք ունի ստիպել, որպեսզի դիմում գրի աշխատանքից հեռանալու մասին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահագն Գրիգորյանն՝ անդրադառնալով Նորագավիթի մաքսակետ այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանի կարգադրությանը աշխատակիցներին մեկին աշխատանքից հեռանալու դիմում գրելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ մաքսակետի սենյակներից մեկում եռագույն դրոշը կեղտոտ էր և պատին էր հենած, ինչը վրդովվեցրեց վարչապետին:
«Աշխատավարձդ կծախսես, դրոշը կդնես գլխավերեւում, հետո դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից, կզեկուցեք անձամբ ինձ: Դրանց կանգնելու ձեւը, հագուկապը… ոնց որ քուչում լինեն: Լավ ա չեն պպզել: Ի՞նչ կապ ունի, որ վարձակալած տարածք է: Որ գնում ենք վարձով տանն ապրելու, ասում ենք՝ ոչինչ, թող խոզանո՞ց լինի»,- ասաց վարչապետն աշխատակցին:
Փաստաբանի խոսքով ՝ մաքսային ծառայողին աշխատանքից ազատելու հիմքերից առաջինը անձնական դիմումն է, որը չպետք է լինի ճնշման հետևանքով:
«Դիմում գրել նշանակում է արձանագրել, որ սեփական կամքով ես դուրս գալիս: Ո՞վ իրավունք ունի ստիպել, որ աշխատանքից դուրս գալու դիմում գրի: Եթե օրենքով նախատեսված է, որ այդ խախտման համար պետք հանել աշխատանքից, ապա պիտի հեռացնել, ոչ թե հորդորել աշխատանքից ազատման դիմում գրել: Եթե ստիպեն ազատական դիմում գրել, իհարկե աշխատողի իրավունքը խախտվում է»,-նշեց փաստաբանը:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք օրենքը նախատեսում է աշխատանքից հեռացնել դրոշի հետ կապված նման խնդրով, Վահագն Գրիգորյանը մեկնաբանեց. «Օրենքը ասում է, որ մաքսային ծառայողին կարելի է աշխատանքից ազատել, եթե ինքը խախտում է էթիկայի կաոնոնները միանգամյա կոպիտ կամ տարբեր պարբերաբար խախտումների դեպքում: Հիմա դիտարկենք՝ արդյո՞ք դրոշի հետ կապված դրվագը կարելի է համարել կոպիտ: Միայն մի կետ կա, որը շատ թե քիչ մոտ կարող է լինել այս իրավիճակին, ըստ որի՝ աշխատանքից հեռացնելու համար հիմք կարող է հանդիսանալ մաքսային ծառայողի կողմից թույլ տված որոշակի մեղավոր գործողությունը կամ անգործությունը, որը կոմիտեի ղեկավարին վստահությունը կորցնելու հիմք է տալիս»:
Փաստաբանի խոսքով ՝ հարց է արդյո՞ք տվյալ աշխատակիցը, որի հետ խոսել էր վարչապետը, էթիկայի կոպիտ խախտում թույլ տվել է, թե ոչ:
«Այնպես չէ, որ դրոշը անարգված վիճակում էր, գցել էր հատակին: Իմ գնահատմամբ՝ ինքը պարզած էր ինչ-որ տեղ: Ես չեմ տեսնում էթիկայի կանոնների կոպիտ խախտում: Իսկ եթե դա որպես կոպիտ խախտում չենք դիտարկում, ապա աշխատանքից հեռացնելու համար պետք է, որ դա պարբերաբար արվեր: Առանձին վերցված՝ դա աշխատանքից ազատելու հիմք չի կարող լինել: Աշխատանքից ազատելու համար պետք է՝ առնվազն մինչ այդ պահը այդ աշխատողի նկատմամբ այլ խախտումների հետևանքով տույժեր կիրառած լինեին»,-ասաց փաստաբանը:
Նա ընդգծեց, որ վարչապետը էմոցիոնալ բնույթի հայտարարություններ է արել , ոչ թե իրավական, և աշխատակիցը կարող է դիմել դատարան՝ անկախ նրանից՝ ի՞նքը աշխատանքից հեռանալու դիմում կգրի, թե՞ իրեն կհեռացնեն:
«Դժվար է ասել՝ ինչ զարգացում կլինի՝ կախված նրանից, թե ինչ հետևանք կունենա. գուցե անցնի, գնա, ոչ մեկ էլ ոչինչ չանի: Կարող է վարչապետին այդ դրվագից հետո նստեն, բացատրեն, որ պարոն վարչապետ, դուք իրավունք չունեիք այսպիսի բան պահանջել, մի հատ էլ վերջում ասեիք՝ անձամբ ինձ զեկուցեք, վարչապետն էլ ասի՝ լավ, թեման փակեք:
Մի բան է ինձ համար հստակ, որ եթե էտ մարդը դիմումը չգրի ու իրեն հանենն աշխատանքից Էթիկայի կոպիտ խախտման հիմքով, այդ մարդը լուրջ վիճարկելու բան կունենա դատարանում»,-եզրափակեց նա: