Ես ուզում եմ ասել, որ 2015 թվականին Հայաստանի՝ պահպանողական, ընտանեկան արժեքների, ավանդական արժեքների պահապան իշխանությունը՝ ինչպես իրենք են իրենց անվանում, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել եւ նրան տվել է ՀՀ քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիրը: Ընդ որում՝ սեռն անձնագրում գրել է արական: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդերի շուրջ ծավալվող քննարկումներին։
«Ես ինչքան հասկացա՝ Հանրապետական կուսակցության ինչ-որ ներկայացուցիչներ հիմա շատ ակտիվ այդ թեման քննարկում են եւ իշխանության առաջ հարց են դնում, թե ինչ է կատարվում: Հիմա ՀՀԿ-ակաների շարքում ընդունված բան է, որ արական սեռի ներկայացուցչի անունը Լիլի՞թ է: Այդ ի՞նչ հարցեր են դնում: Այն պահին, երբ ՀՀԿ-ական իշխանությունն այդ մարդուն տվել է ՀՀ քաղաքացու անձնագիրը՝ Լիլիթ Մարտիրոսյան, սեռն արական, նրան ընդգրկել է ընտրական ցուցակների մեջ, ուրեմն նրան օժտել է ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով եւ պարտականություններով՝ առանց բացառության»,-ասաց Փաշինյանը:
«Ես, որ նրանց ասում էի՝ դուք գեյ ակտիվիստ եք, նրանք չէին հավատում: Նրանք այդ կարգավիճակից չեն կարող խուսափել: Այդ ո՞ւմ են եկել ինչի մեջ մեղադրում: ԲՀԿ-ն ինչի՞ց է բողոքում, որ իրենց կուսակցության ներկայացուցիչը ստորագրել է ցուցակը: Ես պետական պահպանության ծառայությունից գրավոր բացատրություն եմ պահանջել եւ ինձ տվել են փաստաթուղթ, որ Նաիրա Զոհրաբյանն է ստորագրել ցուցակը»,-հավելեց վարչապետը:
Նա ասաց, որ երբ իմացավ կատարվածի մասին, մտածեց՝ դա լավ կազմակերպված պրովոկացիա է հեղափոխության եւ կառավարության դեմ․
«Եւ էս տեղի ունեցածից հետո կա հաջորդ երեսը․ դա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի լսում էր։ Հիմա հարց եմ տալիս բոլորին․ ՀՀԿ-ականների օրոք ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիորսյանը մարդ է՞, թե՞ մարդ չէ, թող բոլորն էս հարցին պատասխանեն, հոգեւորականները, ԲՀԿ-ականները, ՀՀԿ-ականները, պահպանողականները․ մարդ է՞, թե՞ մարդ չէ։ Երկրորդը․ էն պահվածքը, որ էս ամենի վերաբերյալ ցուցաբերում է ԱԺ մարդու իրավունքների, ՄԱՐԴՈ՛Ւ իրավունքների պաշտպանության հանձնաժողվի նախագահը, դա ընդհանրապես կասկածի տակ է դնում մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում։ Եւ ես կարծում եմ՝ նաեւ էդ պրովոկացիայի կազմակերպման արդյունքում ԲՀԿ-ն պետք է մտածի՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահն արդյոք մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագա՞հ է, եւ ինքը նախագահ լինելու համար նվազագույն չափանիշներին համապատասխանո՞ւմ է, թե՞ չէ, թե՞ ամբողջ խնդիրը քաղաքական պրովոկացիա սարքելն է եւ սլաքներն «Իմ քայլը» խմբակցության դեմ ուղղելն է»,-եզրափակեց վարչապետը։