Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից. Նիկոլ Փաշինյան

«Որեւէ մեկը չի կարող պետության, քաղաքացու կամ գյուղացու հետ շանտաժի լեզվով խոսել: Ասում են՝ եթե հարկերը պետք է մուծենք, ուրեմն էս կանենք, էն կանենք, դա ի՞նչ խոսելաձեւ է»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Սպայկա» ընկերության շուրջ զարգացումներին ու տնօրենի կալանավորմանը:

Հիշեցնենք, վարչապետը Ազգային ժողովում էր, հանդիպում ուներ իշխող կուսակցության պատգամավորների հետ:

Պատասխանելով լրագրողներից մեկի՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման արդյունավետության մասին հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Քանի դեռ Ղարաբաղի հարցը չի կարգավորվել, որեւէ բանակցություն արդյունավետ չէ: Բայց հանդիպումը գնահատվել է կառուցողական եւ դրական եւ այդ մտքի հետ բոլորս համաձայնել ենք»:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ պատերազմի մասին հայտարարությանն անդրադառնալիս, վարչապետը նշեց, որ հարցին արդեն բազմիցս անդրադարձել են:

«Մենք ասում ենք՝ մեզ մի վախեցրեք պատերազմով, որովհետեւ մենք պատերազմից վախեցողը չենք: Պաշտպանության նախարարի ասածի մեջ որեւէ ապակառուցողական բան չկա: Մենք ամեն բան անելու ենք, որ խաղաղության օրակարգն առաջ քաշենք: Բայց այս ամենն ասելով՝ թող ոչ ոք չկարծի, որ մենք վախենում ենք պատերազմից: Եթե մեկը մտածում է, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսի, Հայաստանը հանձնվելու է, ուրեմն միամիտ է: Մենք ասում ենք, որ պետք է հակամարտությունը լուծվի խաղաղությամբ: Պետք չէ անընդհատ խոսել պատերազմից: Ինչքան պատերազմից մենք վախենալու բան ունենք, այդքան էլ Ադրբեջանն ու տարածաշրջանն ունի, որովհետեւ պատերազմի մեջ փլավ չեն բաժանում: Մեզ առաջարկվող պատերազմին մենք հարկադրելու ենք խաղաղություն: Դա մեր պատերազմը չի լինելու, որովհետեւ մենք ոչ մեկին չենք պարտադրում պատերազմ, բայց եթե պատերազմ լինի, մենք հարկադրելու ենք խաղաղություն: Պետք չէ բոլոր հանդիպումներից առաջ եւ հետո խոսել պատերազմից:

Նույն հայտարարության մեջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ 2 արտգործնախարարների, գրվել է, որ կողմերը պայմանավորվել են պահպանել եւ ակտիվացնել հրադադարի ռեժիմը: Կա՞ հնարավորություն, որ մենք դրժենք այդ պայմանավորվածությունը, ո՛չ, չկա:

Իսկ եթե որեւէ մեկը դրժի, չի նշանակում, որ մենք չենք պաշտպանվելու: Ես հուսով եմ՝ Ադրբեջանի նախագահն էլ չի դրժի այս պայմանավորվածությունը, որովհետեւ դրա գրավոր տարբերակն էլ կա՝ գրված ու ստորագրված: Մենք ընդամենը բոլորի ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ պատերազմի մասին է խոսում: Եկեք խաղաղության օրակարգ ձեւավորենք եւ խոսենք խաղաղության օրակարգի շուրջ, սա է մեր ուզածը: Բայց ես էլի եմ ասում, սա պետք չէ ընդունել որպես վախ, մենք վախեր չունենք:

Երբ մենք կկարողանանք երկուստեք ապահովել 2 կողմերի գյուղերի անվտանգությունը եւ կկարողանանք երաշխավորել, որ կողմերը այլեւս չեն կրակի ու հատկապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, դա կլինի մարդասիրություն:

Ես կրկնում եմ, այն, ինչ համանախագահների եւ արտգործնախարարների անունից հրապարակվել է, ես բնականաբար տեսել եմ եւ ամեն բառի հետ համաձայն եմ, այո, եղել է կառուցողական հանդիպում:

Եթե հիշում եք, ես ասել եմ, որ մենք լինելու ենք իրավիճակին ադեկվատ, եթե ակնկալվում է, որ մենք կառուցողական լինենք, ուրեմն կլինենք: Մեր խնդիրն է լինել լսելի եւ մենք պատրաստ ենք լսել»:

Վերջում, արձագանքելով լրագրողի դիտարկմանը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կա մեծ սխալ ընկալում եւ դա այն է, որ ինքը բանակցությունները սկսել է ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իր սեփական կետից: