Կա՞ տենց մարդ, որ մտածում է, թե այնտեղ, որտեղ ես վարչապետ եմ, կարող է մամուլի նկատմամբ ճնշում լինի․ վարչապետ

Կա՞ տենց մարդ, որ մտածում է, թե Հայաստանում մամուլի նկատմամբ ճնշում պետք է լինի։ Այս մասին այսօր Նորագավիթի ավտոմաքսատանը լրագրողներին հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողի այն դիտարկմանը, որ ֆեյքերի բացահայտման վերաբերյալ իր հանձնարարականը որոշ շրջանակներ դիտարկում են ճնշում մամուլի վրա․

«Դուք բոլորդ մամուլի ներկայացուցիչ եք, դուք ձեր վրա ճնշում զգացել ե՞ք, ձեզնից որեւէ մեկը մտածում է, որ Հայաստանում մամուլի նկատմամբ ճնշում կարող է լինի՞, կա՞ տենց մարդ, որ մտածում է, թե այնտեղ, որտեղ ես վարչապետ եմ, կարող է մամուլի նկատմամբ ճնշում լինի, անկեղծ ասեք»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ֆեյքերի վերաբերյալ այդ հանձնարարականը բռնության կոչեր անող ֆեյքերի մասին էր։

Վարչապետն օրինակ բերեց իրենց սիմվոլով «Դուխով» անունով էջը, որն իրենց հանրահավաքի օրն ասում էր՝ դանակները վերցրեք, հանրապետականներին սպանեք․

«Հիմա եթե այդ օրը մի ՀՀԿ-ականի մեկը դանակով քերծեր, մենք կարող էինք որեւէ մեկին ապացուցել, որ դա մենք չենք կազմակերպե՞լ, հա՞։ Բա ի՞նչ, թողենք անարձագա՞նք: Մեկ-երկու, կարող է էդ բանը տեղի ունենա, չէ՞»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։