Աֆրիկան մեր արտաքին քաղաքական օրակարգում մոռացված ուղղություն է եղել․ միջազգայնագետը՝ արտգործնախարարի աֆրիկյան երկրներ այցերի մասին

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝  Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը (ՖՄԿ) անդամակցելուց հետո միայն Աֆրիկան հայտնվեց Հայաստանի ուշադրության կենտրոնում:

Նա Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց՝ անդրադառնալով այս օրերին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի Աֆրիկյան երկրներ պաշտոնական այցերին:

Սուրեն Սարգսյանը հիշատակեց, որ բավականին երկար ժամանակ էր՝ Հայաստանի նախկին իշխանությունները ջանքեր էին գործադրում, որ ՖՄԿ գագաթնաժողովն անցկացվեր Երևանում, և դրա համար անհրաժեշտ էր, որ Աֆրիկյան երկրների հետ համագործակցությունը ստացվեր:

«Աֆրիկան մեր արտաքին քաղաքական օրակարգում մոռացված ուղղություն է եղել: Չմոռանանք, որ Աֆրիկայում մեծ հաշվով դեսպանություն էլ չունենք, և սա, իհարկե, խնդիր կարող է լինել: Միայն Եգիպտոսում է, որ դեսպանատուն ունենք, այն էլ առավել շատ դիտարկում ենք որպես արաբական աշխարհի պետություն, և դիտարկում ենք առավելապես որպես մի պետություն, որտեղ ունենք բավականին հին և մեծ համայնք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտպանական այցերով աֆրիկյան ուղևորության շրջանակներում եղել է Եթովպիայում և Ռուանդայում:

Միջազգայնագետի նկատառմամբ՝ այսօր ամբողջ աշխարհում կա մեծ հետաքրքրվածություն Աֆրիկայի նկատմամբ՝ իր խնդիրներով, իր հնարավորություններով հանդերձ:

«Աֆրիկայում բավականին ակտիվ են ամերիկյան և չինական ընկերությունները, ռուսական որոշ հետաքրքրությունները նույնպես ակտիվ գործում են Աֆրիկայում, իսկ մեր աշխարհագրական քաղաքականությունից Աֆրիկան դուրս էր մնացել»,- ասաց նա:

Իր այցով, ըստ Սուրեն Սարգսյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարը փորձում է բաց թողնված հատվածը լրացնել: «Հատկապես երբ հաշվի ենք առնում, որ Ադրբեջանը սկսել է ակտիվ գործունեություն ծավալել աֆրիկյան որոշ երկրներում՝ այցն ու համագործակցության հեռանկարը Ադրբեջանի քաղաքականությանը բալանսավորելուն ուղղված քայլեր են»,- ասաց նա:

Սուրեն Սարգսյանը մատնանշեց՝ Աֆրիկան հարուստ է ոսկով և բնական հանածոներով, և այդ առումով կարող է հետաքրքիր լինել նաև ՀՀ գործարարների համար:

«Կան աֆրիկյան պետություններ, որտեղ հայկական ներդրումներ արդեն իսկ կան, և դա, իհարկե, խորհրդանշական և կարևոր է: Այդ ընկերությունները համագործակցում են ադամանդագործության, ոսկերչության ոլորտում: Դրանք բիզնեսի առումով հեռանկարային մոտեցումներ են»,- ասաց նա:

Քաղաքական առումով էլ, ըստ միջազգայնագետի, աֆրիկյան ուղղությունը Հայաստանի համար կարևոր է: Նա նորից հիշատակեց Ադրբեջանի ակտիվությունն այնտեղ:

«Բնականաբար պետք է լինեն հակակշիռներ, և կարծում եմ՝ դրանք ստեղծելու հնարավորություններ կան և պետք է օգտագործեն դրանք: Բայց պետք է նաև ասեմ, որ այստեղ խոսք պետք է լինի ոչ միայն Ադրբեջանի քաղաքականությունը բալանսավորելու, այլ պրակտիկ քաղաքականության մասին: Ինքներս պետք է մեր ակտիվ քաղաքականությամբ ինչ-որ բաներ նախաձեռնենք»,- ասաց նա:

Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ կարևոր է, որ Հայաստանը աֆրիկյան պետությունների հետ համագործակցի բազմակողմ օրակարգով, այսինքն՝ միջազգային կազմակերպությունների ձևաչափում ևս պետք է համագործակցություն լինի:

«Նույն ՄԱԿ-ում կամ նման այլ կառույցներում պետությունների հետ համագործակցությունը կարևոր է: Այնպես որ, այս ուղղությամբ ակտիվ աշխատանք պետք է լինի»,- ասաց նա:

Նշենք, որ ապրիլի 5-ին Կիգալի կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար այցելել է Ռուանդայի ցեղասպանության թանգարան և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:

Դիտարկմանը, թե արդյոք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կարևորող Հայաստանը չպետք է նաև ճանաչի այլ երկրների ժողովուրդների դեմ իրականցված ցեղասպանությունները, Սուրեն Սարգսյանը պատասխանեց․

«Սա, իհարկե, խնդիր է: Հայաստանը դարձել է դրոշակակիր պետություն՝ ցեղասպանությունների կանխարգելման և ցեղասպանությունների ճանաչման գործընթացում և պնդում է, որ ճանաչումը լավագույն պրեվենտիվ քայլը կարող է լինել միջազգային հանրության կողմից, բայց ինքն էլ մի պետություն է, որ այսօր աշխարհում ընթացող մի քանի ցեղասպանություններ չի էլ ճանաչել: Դրա վերաբերյալ չկան խորհրդարանական նախագծեր, չկան այլ քայլեր, և Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ իր համբավը տարածվի՝ որպես ցեղասպանությունների դեմ պայքարող պետություն»,- ասաց նա:

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/04/08/Suren-sargsyan/2967976