Ակնկալել, որ մենք կարող ենք հակառակորդին պարտադրել մեր տրամաբանությունը, բավականին կասկածելի ռազմավարություն է. Ժիրայր Լիպարիտյան

Խոսակցությունների ներկա՝ համեմատաբար բարենպաստ պայմանները հնարավոր չէ պահել առհավետ: Մենք ունենք ժամանակի տեմպի մեր հասկացողությունը, ուրիշներն էլ ունեն իրենցը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան, 1994-97 թթ.-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը: Ըստ նրա՝ որքան էլ մտածենք, որ մեր տրամաբանությունը երկաթյա է, պիտի հասկանանք, որ ուրիշներն էլ ունեն իրենց տրամաբանությունը, որն իրենք նույնպես համարում են երկաթյա։ Լիպարիտյանը նկատեց, որ պատերազմից խուսափելը մեր որոշումից կախված չէ, այդքանը հստակ է, սակայն հստակ պիտի լինի նաև, որ հակառակորդի հաշվարկները տարբերվում են մեր հաշվարկներից:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին: Ի՞նչ ակնկալիքներ ունեք, Հայաստանը կկարողանա՞ պարտադրել իր օրակարգը Բաքվին: 

– Գործնական նկատառումներից առաջացած մտահոգության պատճառով է վարչապետ Փաշինյանը բարձրացրել այդ լուրջ հարցը։ Այդ հարցի հստակեցումը կարող է պարզություն մտցնել. այլապես արդեն բավականին բարդ խնդրի և նույնքան բարդ բանակցային գործընթացի մեջ ենք։ Հավանաբար, շատ դժվար կլինի Բաքվին պարտադրել, որ բանակցություններում Արցախին ընդունի որպես հավասար գործակից։ Սակայն հույս ունեմ, որ հնարավոր կլինի, համենայնդեպս, լայնացնել  Արցախի անմիջական մասնակցության պարամետրը։

– Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունից հետո ԵԱՀԿ ՄԽ խումբը հայտարարեց, որ իրենք այս փուլում դեմ են ձևաչափի փոփոխությանը: Այնինչ, տարիներ առաջ, ՄԽ-ն հայտարարել էր, որ հարմար պահի Ղարաբաղը կմասնակցի բանակցություններին: Այս հայտարարությունից կարելի՞ է դիտարկել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն դեմ է Արցախի մասնակցությանը և փոխել է իր դիրքորոշումը: 

– Մինսկի խմբի համանախագահողները դեմ են, որովհետև Բաքուն է դեմ, և այդ առաջարկը դիտարկում են որպես հավանական արգելք ներկա բանակցությունների շարունակության։ Համենայնդեպս, որքան հասկացա, վարչապետն այդ առաջարկը չի ներկայացնում որպես խորհրդակցությունների կամ բանակցությունների շարունակության նախապայման։

– Հայաստանում քաղաքական ու քաղաքագիտական շրջանակները քննարկում են, թե երբ դուրս մնաց Ղարաբաղը բանակցություններից: Հնչում են տարաբնույթ փաստեր: Օրինակ` Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ Արցախը ֆիզիկապես չի մասնակցել բանակցություններին: Ո՞ր թվականին է Արցախը ֆիզիկապես մասնակցել բանակցություններին, ո՞ր թվականին սկսվեցին փաստաթղթային կամ ոչ անմիջական բանակցությունները: Ե՞րբ, ու՞մ կառավարման օրոք Ղարաբաղը դուրս մնաց բանակցություններից: 

– Ես չգիտեմ՝ Վիկտոր Սողոմոնյանը որտեղի՞ց է ստացել իր տեղեկությունը կամ ու՞մ հետ է ճշտել այն։ Շա՞տ դժվար պիտի լիներ հարցնել, օրինակ, ԼՂ նախկին ԱԳ նախարար և հետո՝ նախագահ Արկադի Ղուկասյանին, որը մի ժամանակ նույն սեղանի շուրջ նստել էր Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Մինսկի խմբի շրջանակներում Արցախը մասնակցել է բանակցություններին՝ տարբեր ձևերով։

Մինսկի խմբի գործընթացի սկզբում լրիվ կազմով բանակցությունների առաջին հանդիպումը մեկնարկեց 1992 թ.-ի հունիսի 1-ին՝ Հռոմում։ Հակառակ Երևանի մեծ ջանքերին, այն ժամանակ ԼՂ-ն մերժեց մասնակցել: Հռոմի երկրորդ նիստին, սակայն, հունիսի վերջին ԼՂ պատվիրակությունը մասնակցեց ֆիզիկապես և շարունակեց մասնակցել այնքան ժամանակ, որքան որ Մինսկի խումբը գործում էր լրիվ կազմով: Եթե չեմ սխալվում, դա տևեց մինչև 1996 թվականը։ Մինչ այդ, որոշ ժամանակ անց Մինսկի խմբի 11 անդամներից 9-ը սկսեցին հանդիպել՝ առանց Հայաստանի և Ադրբեջանի։ Այդ 9-ը պատրաստում էին առաջարկներ, հետո դրանք ներկայացնում կողմերին, ներառյալ ԼՂ-ին։ 1997 թ.-ից արդեն եռանախագահությունն էր գործում ՄԽ անունից, իսկ Խմբի լրիվ կազմը չէր հանդիպում։

Այդ ընթացքում եղել են շատ երկկողմ հանդիպումներ (ներառյալ Հայաստան-Ադրբեջան), որոնց ժամանակ խոսակցություններ են տեղի ունեցել և լուծման տարբերակներ քննարկվել։ Ի դեպ, նման խոսակցություններ ունեցել է նաև ԼՂ-ն՝ տարբեր երկրների հետ և առանց Հայաստանի մասնակցության: Սակայն Երևանը միշտ էլ հստակորեն ասել է, որ որևէ լուծում չի պարտադրվելու ԼՂ-ին, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի ԼՂ համար՝ որպես առանձին կողմ, և որ ԼՂ-ն մնում է հակամարտության լիիրավ կողմ և ծանր աշխատել է այդ ուղղությամբ. կարելի է ասել՝ այդ աշխատանքը արդյունավետ է եղել։

Այդ իմաստով 1998 թ.-ից մինչև 2018 թ.-ը իրավիճակը պղտորվեց, երբ Հայաստանի երկրորդ նախագահն իր վրա վերցրեց խնդրի լուծման ամբողջ պատասխանատվությունը, որովհետև նա եղել էր ԼՂ ղեկավար, «պատերազմի հաղթող»։ Ինչպես այլ առիթով ասել եմ, նա իր անօրինական պաշտոնավարությունը միջազգային հանրությանը ծախեց ՝այլ պետություններին հավաստիացնելով, որ բանակցություններն ավելի պարզ և լուծումն ավելի դյուրին կլինեն, եթե ինքը մարմնավորի հայկական երկու կողմերը։ Այդ ձևաչափը շարունակվեց նաև իրենից հետո՝ մինչև 2018թ։ Որքան գիտեմ, ԼՂ այդ տարիների ղեկավարներն այդ ձևաչափի դեմ լուրջ բողոք կամ պահանջ չեն ներկայացրել. նրանք չեն պնդել, որ ԼՂ կամքը արտահայտելու համար անհրաժեշտ է, որ իրենք էլ ֆիզիկապես մասնակցեն բոլոր բանակցություններին։

Այդ բոլորից անկախ, ԼՂ-ին միշտ էլ վերապահված է եղել առաջարկությունները ընդունելու կամ մերժելու իրավունքը, և այդ իրավունքից օգտվել է, իսկ միջնորդները դա ընդունել են։

Անկախ ձևաչափերից ու պաշտոնականություններից, ըստ իս, Հայաստանն իր ամենաօգտակար դերն է ունեցել, երբ գործել է որպես միջնորդ՝ միջազգային հանրության, ներառյալ՝ Ադրբեջանի, և ԼՂ-ի միջև։ Նորից՝ անկախ պաշտոնականություններից, Հայաստանի Հանրապետությունն է, որ անդամակցում է միջազգային կազմակերպությունների, և այս հանգամանքը Հայաստանի վրա է դնում ողջ պատասխանատվությունը։ Դա ամրագրված է 1993 թ.-ի նոյեմբերի 12-ի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի թիվ 884 որոշմամբ, որով այդ Խորհուրդը Հայաստանի Հանրապետությանը կոչ արեց «իր ազդեցությունը օգտագործել» ԼՂ իշխանությունների վրա, որպեսզի  վերջիններն իրագործեն տարածքներից դուրս գալու ՄԱԿ-ի ԱԽ-ի նախորդ երեք որոշումները։

– Արցախի մասնակցությունը բանակցություններում մոտեցնելո՞ւ է մեզ հակամարտության կարգավորմանը: 

– ԼՂ ակտիվ մասնակցությունն, անշուշտ, իմաստ և օգտակարություն ունի։ Մանավանդ, եթե Արցախը պատրաստ է փոխզիջումների գնալ, ինչպես պարտավոր են անել հակամարտության մյուս կողմերը։ Եթե կողմերը կամ կողմերից մեկը բանակցությունների է գնալու իր գրպանում ունենալով միայն առավելագույն պահանջներ, այսինքն՝ այն, ինչ ուզում է, և դրա հետ չունի իր նվազագույն պահանջները, այսինքն՝ այն, ինչ իրեն անհրաժեշտ է, ոչ մեկի մասնակցությունն էլ իմաստ կամ օգտակարություն չունի։ Այն, ինչ կուզենայինք և այն, ինչ անհրաժեշտ է, տարբեր բաներ են։

Արցախի մասնակցության հարցը և նման հարցերը, որքան էլ կարևոր նկատվեն, մեզ պետք չէ շեղեն խնդրի լուծման հիմնական հարցից։ Անհրաժեշտ է անդրադառնալ, որ խոսակցությունների ներկա՝ համեմատաբար բարենպաստ պայմանները հնարավոր չէ պահել առհավետ, և որ այսօր պատուհան կա առաջադիմություն արձանագրելու։ Մենք ունենք ժամանակի տեմպի մեր հասկացողությունը, ուրիշներն էլ ունեն իրենցը։

Որքան էլ մտածենք, որ մեր տրամաբանությունը երկաթյա է, պիտի հասկանանք, որ ուրիշներն էլ ունեն իրենց տրամաբանությունը, որն իրենք նույնպես համարում են երկաթյա։ Պատերազմից խուսափելը մեր որոշումից կախված չէ, այդքանը հստակ է: Սակայն հստակ պիտի լինի նաև, որ հակառակորդի հաշվարկները տարբերվում են  մեր հաշվարկներից: Իսկ ակնկալել, որ մենք կարող ենք աշխարհին ու մեր հակառակորդին պարտադրել մեր տեմպն ու տրամաբանությունը, բավականին կասկածելի ռազմավարություն է։ Մնացյալն արդեն ասվել է. ոչ ոք չի կարող կանխատեսել պատերազմի արդյունքը։

Քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ենք փնտրում այս հարցի լուծումը (հիմնականում եռանախագահների միջնորդության սահմաններում), պիտի նկատի ունենանք, որ Ռուսաստանի և ԱՄՆ հարաբերությունները ծանր շրջան են ապրում, և ամենավտանգավորը՝ անկանխատեսելի են: ԱՄՆ արտաքին հարաբերություններն ընդհանրապես անհավասարակշիռ ու անկանխատեսելի ընթացքի մեջ են, և նույնիսկ դաշնակից Ֆրանսիայի հետ լուրջ դժվարություններ են ստեղծվել։ Կարծում եմ՝ ԼՂ հարցում առաջընթաց պետք է լինի նախքան մեծ տերությունների այդ հարաբերությունների էլ ավելի վատթարացումը։

– Քաղաքական ու փորձագիտական շրջանակները շարունակում են քննարկել Փաշինյան-Ալիևի Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը: Մի մասն ասում է՝ արդյունքներ չկան, մյուսները նշում են, որ թե հանդիպումն ինքնին արդյունք է: Ի՞նչ կարծիք ունեք:

– Իմ կարծիքով՝ հանդիպումն ինքնին ուրախալի երևույթ է։ Անհրաժեշտ է, որ այս ղեկավարները միմյանց ճանաչեն, յուրաքանչյուրը էապես հասկանա մյուսի դիրքորոշումները, դրանց պատճառները կամ պատճառաբանությունները։ Անհրաժեշտ է, որ նրանք սկսեն վստահել միմյանց խոսքին: Այդ վստահությունը հնարավոր է դարձրել հանդարտությունը շփման գծում ու տակավին կարող է անմիջական այլ բարիքներ արտադրել և, ի վերջո, հասցնել այնտեղ, որ հնարավոր լինի նվազեցնել փոխադարձ անվստահության պատճառով անզիջողության երևույթները։

Դրա համար էլ սկզբունքային կարևորություն ունի հետևյալը. բարձրաստիճան պետական ղեկավարների կողմից պետք է բացառել հայտարարությունները, որոնք կարելի է մեկնաբանել որպես վարչապետի ասածների տառին կամ ոգուն հակառակ ու դրանցով անվստահություն ներշնչել վարչապետի նկատմամբ։

Վարչապետն ամեն ինչ անում է՝ ստեղծելու թափանցիկության ու վստահելիության մթնոլորտ և՛ արտաքին աշխարհի, և՛ քաղաքացիների համար։ Նրան պետք չէ խանգարել։

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/04/05/Liparityan/2966045