Տրանսգենդերի ելույթն ԱԺ-ում ի սկզբանե ծրագրավորված էր, ի սկզբանե կազմակերպված էր, բայց փակագծեր չեմ բացի. Նաիրա Զոհրաբյան

Մարդու իրավունքների հանձնաժողովը, օմբուդսմենի գրասենյակը և ՄԱԿ-ը կազմակերպել էին խորհրդարանական լսումներ երեք օրակարգային հարցերով՝ դատաիրավական բարեփոխումներ, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներ և երեխաների խնդիրները մանկատներում և այլ հաստատություններում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչպես էր «Իրավունքի կողմ, իրավապաշտպան» ՀԿ նախագահ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը հայտնվել խորհրդարանում և ելույթ ունեցել:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ «Իրավունքի կողմ, իրավապաշտպան» ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը ելույթ ունեցավ, ինչին կոշտ արձագանքեց լսումները ղեկավարող Նաիրա Զոհրաբյանը:

«Հանձնաժողովը միաձայն հաստատել է այդ օրակարգը և հրավիրել է բոլոր այն ՀԿ-ներին, որոնք զբաղվում են դատաիրավական բարեփոխումներով, հաշմանդամների և երեխաների խնդիրներով: Եվ քանի որ ՀԿ-ների անունները շատ ընդհանուր են՝ իրավունքի պաշտպանություն, և այլն, և այլն, բնականաբար, այդ ՀԿ-ն էլ էր գրանցվել լսումներին մասնակցելու համար, և տեսաք, թե ինչպիսի ելույթ ունեցավ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը նշեց, որ որևէ մեկը որևէ մեկի իրավունքը չի ոտնահարել, չի պատրաստվում ոտնահարել, բայց շեշտեց, որ իր համար տեղի ունեցածն անպարկեշտություն էր այն առումով, որ լսումների օրակարգում նման հարց չի եղել: «Օգտագործել Ազգային ժողովի ամբիոնը, ՀԿ-ի անվան տակ մտնել ԱԺ և խոսել օրակարգին չվերաբերող խնդիրներից ես համարում եմ ցինիզմ, անհարգալից վերաբերմունք պետական ինստիտուտների՝ Ազգային ժողովի, ներկա ՀԿ-ների, բոլոր այն անձանց հասցեին, ովքեր մասնակցում էին մի խորհրդարանական լսման, որի օրակարգը շատ հստակ էր»,- ասաց նա:

Վերջինս հավելեց. «Դա էր պատճառը, որ ես նշյալ անձնավորությանը և իր համակիրներին դուրս հրավիրեցի դահլիճից այլ ոչ թե, իրենք ունեն կամ չունեն իրավունք, դա իրենց գործն է, բայց նրանք անպարկեշտ կերպով օգտագործել են խորհրդարանական լսումները, օրակարգի հետ կապ չունեցող խնդիրները երկրի թիվ մեկ ամբիոնից բարձրաձայնելու համար»:

Զոհրաբյանը շեշտեց, որ նման վարքագիծը, ում կողմից էլ որ այն ուղղորդված կամ նախապես կազմակերպված լիներ, անպարկեշտ վերաբերմունք էր առաջին հերթին երկրի բարձրագույն ինստիտուտներից մեկի՝ խորհրդարանի հանդեպ:

Ճշտող հարցին՝ ըստ նրա այդ ելույթն ուղղորդվա՞ծ էր, նա պատասխանեց. «Միանշանակ, այո, ես այս պահին շատ փակագծեր չեմ բացելու, այն ի սկզբանե ծրագրավորված էր, ի սկզբանե կազմակերպված էր, բայց ես այնքան պարկեշտ մարդ եմ, որ մտքիս ծայրով չէր կարող անցնել, որ ինչ-որ անձնավորություններ կարող են նախապես Ազգային ժողովի կողմից հաստատված եռակողմ օրակարգը դնել մի կողմ և այլ օրակարգ փորձել բարձրացնել ԱԺ-ում»,- շեշտեց նա:

Հարցին՝ իր կոշտ արձագանքը քննադատությունների առիթ չի՞ հանդիսանա, քանի որ նա ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահն է, Զոհրաբյանը պատասխանեց. «Իմ անձի նկատմամբ սա չի կարող քննադատությունների առիթ հանդիսանալ, որովհետև ես առաջնորդվել եմ բացառապես օրենքի տառին համապատասխան, ես չեմ ասել, որ իրենք իրավունք չունեն, ես ասել եմ, որ նրանք շեղվում են օրակարգից, մեր այսօրվա օրակարգը սա է, և բոլոր քննարկումները պետք է լինեին բացառապես Ազգային ժողովի կողմից հաստատված օրակարգի շրջանակում: Որևէ քննադատություն չի կարող լինել, եթե իրենց հարցը երբևէ կքննարկենք ԱԺ-ում, այդ ժամանակ էլ իրենք կարող են խոսել իրենց խնդիրների մասին»:

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/04/05/naira-zohrabyan/2966254