ԲՀԿ-ն առաջարկում էր պատգամավորի գործունությանը խոչընդոտելու համար պատասխանատվություն սահմանել. նախագիծը չստացավ դրական եզրակացություն

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ «ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքը կա, որտեղ պայմաններ են սահմանված, բայց օրենսդրությունը պատասխանատվություն չի սահմանում դրանք չկատարելու համար: Պատգամավորը նշեց, որ եթե պատգամավորը հարցում ուղարկի պետական մարմին, որին չպատասխանեն, կամ համայնքի ղեկավարը չտրամադրի պահանջվող համապատասխան կահավորված սենյակը քաղաքացիներին ընդունելու համար, որևէ պատասխանատվություն չի կրում, ստացվում է, որ երաշխիքները մնում են թղթի վրա:

Նա այս նախագծով առաջարկում է պատգամավորի գործունությանը խոչընդոտելու համար պատասխանատվություն սահմանել:

Ըստ նախագծի՝ Կառավարության անդամների, ինչպես նաև Կառավարության, վարչապետի, նախարարությունների ենթակա պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների, ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների, համայնքների ղեկավարների և հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերության ղեկավարների կողմից պատգամավորի օրինական գործունեությանը խոչընդոտելը, որն արտահայտվել է ՀՀ օրենսդրությամբ պատգամավորին վերապահված իրավունքներն ապահովելուց հրաժարվելու, դրանք ապահովելուց խուսափելու կամ այդ իրավունքների ապահովման ուղղությամբ խելամիտ գործողություններ չձեռնարկելու կամ պատգամավորի գործունեությանը ցանկացած այլ եղանակով խոչընդոտելով՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Նույն արարքը, որը կատարվել է սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված տուգանքի նշանակումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:

Նշենք, որ նախագծին Կառավարությունը բացասական գնահատական է տվել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հետաքրքրվեց, թե որպես ավելի երկար ստաժ ունեցող պատգամավոր կարող է ասել, որ դիմել է, և չեն հարգել ու չեն ընդառաջել, և նախագծի անհրաժեշտություն է առաջացել:

Պետրոսյանը նշեց, որ այդպիսի պաշտոնյա դժվար թե գտնվի, որ այդքան անխոհեմ լինի, որ ցույց տա, որ չեմ հարգում, չեմ կատարում: «Բայց եղել են դեպքեր, որ ամիսներով մեր հարցման պատասխանը չի գալիս: Բանավոր չեն մերժում, բայց պատասխանը ուշացնելու դեպքերը եղել են ու քիչ չեն»,-ասաց նա:

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, թե ավելի լավ չէ՞ հայցադիմով դիմել դատարան, եթե պատասխանը չեն ստացել, դատական կարգով փաստաթուղթը ստանալ, և եթե օրենք է խախտվել, նրա վերադասի կողմից պատասխանատվության պետք է ենթարկվի:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ երբ դիմի ու պատասխան չստանա, այդ ժամանակ ավելի ընկալելի կլինի արհամարհական վերաբերմունքը: «Ընդամենը պահանջվում է, որ օրենքով լիազորությունները պատշաճ իրականացնեն, և այս նախագծի դեպքում որևէ սուբյեկտ պատասխանատվություն չի կրի, եթե մեր հարցումներն օրինական ընթացք ստանան: Մենք չենք ասում, որ ՏԻՄ ղեկավարը գունավոր խալիներով դիմավորի մեզ, ընդամենը մեր գործունեության համար համապատասխան անձինք հարգանքով մոտենան»,-ասաց նա:

Նիկոլայ Բաղդասարյանը կրկնեց, որ կարգապահության պատասխանատվություն արդեն իսկ կա, եթե չի տրամադրում նյութը, և դատական կարգով դիմում են և փաստաթուղթը ստանում են, և եթե օրենք  է խախտվել, պատասխանատվության պետք է ենթարկեն: «Հետևաբար անիմաստ է վարչական իրավախախտման մակարդակը բարձրացնել, բեռ դնել մեկի վրա, որ դատարան դիմի, մինչև նիստը քննի, պատգամավորի լիազորությունները երևի կավարտվեն, բայց չի քննվի: Ձեր ասած մեթոդն անարդյունավետ է»,-ասաց նա:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ պետք  է ընդամենը օրենք լինի, որ նրանց զսպաշապիկ հանգեցնեն ու պատգամավորին հարգեն:

«Ես իմ համար չեմ անում, կատեգորիայի խնդիր է»,-ասաց նա:

Հարակից զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ասաց, որ իրենց տեսակետը բացասական է նախագծի վերաբերյալ և ներկայացրեց մի շարք հիմնավորումներ և ասաց, որ լավ պրակտիկա չէ, որ մարմինն իր լիազորություններն ընդլայնում է:

Կառավարության ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը ներկայացրեց գործադիրի մերժման հիմքերը և ասաց, որ խնդիրը քաղաքական է և առաջարկել են, որ նման փոփոխությունները չկատարվեն օրենքով և շարունակեն ներգործության միջոցներ կիրառել քաղաքական պատասխանատվության շրջանում:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ այս նախագծով որևէ քաղաքական հարց չի լուծվում, ընդամենը իրավական խնդիր է: «Ես հիմա քաղաքական հայտարարություն կանեմ՝ ակնհայտ միտում եմ տեսնում մեր նախագծերը կործանելուն, վետտո դնելու որևէ երկրի փորձ չեք ուսումնասիրել»,-ասաց նա:

Ապա, դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին, նա հորդորեց պարզաբանել, թե ինչ նկատի ունի, ասելով, որ սա քաղաքական կոռուպցիայի հիմք կհանդիսանա:

Հովակիմյանը բացատրեց, որ պետք է նկատի ունենան, որ հնում կար պրակտիկա, որ  պատգամավորներից մեծամասնությունը, որոնք դիմում էինք պետական մարմիններին, անձնական խնդիրներով էին դիմում, որպես պատգամավորներ իրենց լիազորությունների իրացման շրջանակում: «Իսկ այն բոլոր անձինք, ովքեր անձնական նկատառումներից դրդված են կատարել, նրանք դատարանի դուռը գնալու հեռանկարով կաշկանդված կլինեն: Նույն պաշտոնատար անձինք անբարեխիղճ պատգամավորներից էլ հնարավորություն պետք է ունենան պաշտպանվել, այնպես չստացվի, որ պատգամավորներն ամեն ինչի իրավունք ունեն, մյուսները օրենքը խախտողներ են, այդ մտահոգությունը կա»,-ասաց նա:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ մերժելու միտում բացարձակ չկա, նախագծերը ներկայացվում են, եթե տրամաբանական ու անհրաժեշտ է, պետք է ընդունել:

Նախագիծը դրվեց քվեարկության և 4 կողմ, 6 դեմ և 3 ձեռնպահ քվեարկությամբ նախագիծը չստացավ դրական եզրակացություն:

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/04/05/Petrosyan/2965710