Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է իր գնահատականը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մարտի 29-ին Վիեննայում անցկացրած հանդիպման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Ինչպես նշվում է, Վլադիմիր Պուտինն ընդգծել է Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի ակտիվացման կարևորությունը: «Հաստատվել է Ռուսաստանի պատրաստակամությունը հետագայում ևս աջակցություն ցուցաբերելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման եղանակներ փնտրելուն, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում», – ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Բացի այդ, երկկողմ հարաբերությունների օրակարգի քննարկման ընթացքում հաստատվել է տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման տրամադրվածությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հեռախոսազրույց է կայացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, որի ընթացքում կողմերը քննարկել են օրեր առաջ Վիեննայում Ալիևի հետ կայացած հանդիպման արդյունքները: