Միայնակ չեմ որոշում, իրագործում եմ կառավարության քաղաքականությունը․ Նազենի Ղարիբյանը՝ իր աղմկահարույց որոշումների մասին

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը վստահեցնում է՝ հանրության շրջանում աղմուկ բարձրացրած իր որոշումները՝ կապված ՊՈԱԿ-ների ու Կոնստանտին Օրբելյանի պաշտոնից հեռացնելու հետ, միայնակ չի կայացրել։ Նա «Հանրային» ՀԸ-ի եթերում հայտարարեց, որ դրանք իր նախաձեռնության կամ անձնական իմպրովիզացիայի արդյունք չեն։

«Առավոտյան չեմ արթնանում ու մտածում, թե այսօր ինչ որոշում կայացնեմ, որ սկանդալ առաջանա։ Ընդամենը կատարում եմ իմ աշխատանքը, որը նաև կապված է մեր կառավարության վարած քաղաքականության ու ծրագրի հետ։ ՊՈԱԿ-ների հետ կապված ասեմ, որ դա զուտ տեղեկանք է: Մենք հետո պետք է գնանք ու հատ-հատ հասկանանք, թե որ ՊՈԱԿ-ները կարող են վերակազմակերպվել։ Սակայն սա էլ ինքնուրույն չեմ արել, սա կառավարության հանձնարարական էր»,- ասաց նա։

Ղարիբյանը նկատեց, որ նման հանձնարարական գնացել է բոլոր նախարարություններին, և արդեն 2 ամիս է նախադրությունները շարժվում են համապատասխան հանձնարարականով։ Նրա կարծիքով՝  իրենց ոլորտում փոփոխությունները մեծ աղմուկ են բարձրացնում, քանի որ արվեստագետները ոչ միայն առանձին անհատներ են, այլև ճանաչում ունեն։

«Կախված է մեր ոլորտի առանձնահատկությունից, քանի որ արվեստագետները ոչ միայն անհատներ ու ստեղծագործողներն են, այլև անուն ունեցող մարդիկ են, տեսանելի են, այդ պատճառով այդ դաշտում ցանկացած քայլ տեսանելի է դառնում»,- շարունակեց  Ղարիբյանը։

Խոսելով իր հրաժարականի պահանջի և այս մթնոլորտում իր հետագա աշխատանքի մասին՝ նա հույս հայտնեց, որ դեռևս կարող է համագործակցության եզրեր գտնել։

«Հույսս չեմ կորցնում, որ կարելի է աշխատել այդ դաշտի հետ, որովհետև չեմ գտնում, որ որևէ սխալ բան եմ արել, ես կատարել եմ իմ աշխատանքը։ Ինչ վերաբերում է աշխատանքին ու իմ հրաժարականի պահանջին, կարծում եմ, որ մեծ մասամբ կապված է լրացուցիչ խոտան աղմուկի հետ, որը  ծավալվել է իմ հրամանի կամ նախարարության որևէ քայլի շուրջ։ Այս նույն բանը եղավ նաև ՊՈԱԿ-ների դեպքում, երբ ես գնացի, հանդիպեցի, դեմ առ դեմ քննարկեցինք, մարդիկ հասկացան։ Բայց նկատե՞լ եք, որ շատ անգամ նույն մարդիկ են ակցիաներ անում, որոնք քաղաքական դիվիդենտներ են շահում»,- ընդգծեց Նազենի Ղարիբյանը։

Դիտարկմանը, որ, օրինակ, կարելի է փոխել օրենքը և Կոնստանտին Օրբելյանը կմնա պաշտոնին, հատկապես, որ պահանջում են մշակույթի ներկայացուցիչները, չէ՞ որ օրենքն է մարդու համար այլ, ոչ թե մարդն օրենքի, Նազենի Ղարիբյանը պատասխանեց․ «Օրենքն է մարդու համար, ոչ թե մարդը օրենքի եզրույթն այս հարցին չի վերաբերում, որովհետև այստեղ  խնդիրն այլ է։ Ասում են, որ ունենք պետություն, մեր պետություն ունի օրենքներ և ասում են, որ եկեք մի մարդու համար օրենք փոխենք, այսինքն, եթե այդ օրենքը մի մարդուն չի հարմարվում, եկեք փոխենք։ Կներեք, բայց սա ինձ հիշեցնում է նախկին կառավարության գործունեությունը, երբ որևէ օրենք պետք էր փոխել մեկի համար, արագ փոխում էին, կարում ու հագցնում, և սա մինչև  պետության  առաջին դեմք»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ վերջինս հիշեցրեց, որ աշխատանքի անցնելու առաջին օրվանից ասել է՝  օրենսդրական դաշտում կան խնդիրներ՝ թատրոնների,ՊՈԱԿ-ների հետ կապված և այլն։

«Պատրաստ եմ ու կոչ եմ անում ինձ դատապարտելու փոխարեն միասին նստենք ու օրենք փոխենք։ Բայց երբ օրենքը կներկայացնենք ԱԺ ու նոր օրենքը մարդու ու ստեղծագործողի համար կլինի,  այդ դեպքում բոլորս կշարժվենք այդ օրենքով, քանի դեռ այդ օրենքը չունենք, ես էլ եմ օրենքի ենթական ու պարտավոր եմ կատարել իմ աշխատանքը»,- եզրափակեց Նազենի Ղարիբյանը։