«168 ժամ». Կենտրոնական բանկը սառը ջուր լցրեց Փաշինյանի ոգևորության վրա

«Հրապարակված ցուցանիշները հիմք են տալիս ևս մեկ դատողություն անելու համար. դարձյալ կանգնել է իշխանափոխությունից առաջ Հայաստանի տնտեսության մեջ նշմարվող ներդրումային ակտիվությունը, որը նկատվեց արդեն 2017թ. չորրորդ եռամսյակից և շարունակվեց 2018թ. առաջին եռամսյակում։ Այդ ընթացքում օտարերկրյա կապիտալի զուտ հոսքերը ներքին տնտեսության մեջ էապես ավելացան։ Դրանք կազմեցին շուրջ 196 մլն դոլար։ Իշխանափոխությունից հետո, սակայն, ներդրումային այս ակտիվությունը սառեց։ Սպասումները, որ նախկին իշխանություններին հեռացնելուց հետո արտաքին կապիտալը ողողելու է Հայաստանի տնտեսությունը, չարդարացավ։

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հավաստիացնում էր, որ ներդրողները պատրաստ են օր առաջ գալ Հայաստան և ֆինանսական լուրջ ներարկումներ իրականացնել, այնուհանդերձ, հրապարակված ցուցանիշները վկայում են, որ դրանք զուր հույսեր էին։ Չնայած առանց այդ ցուցանիշների էլ նկատելի է, որ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումային ակտիվություն չկա։

Հասկանալի է, որ ներդրումները ժամանակ են պահանջում։ Ընդ որում, երբեմն՝ երկար ժամանակ։ Սակայն նման ակնկալիք ունենալու համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել դրա համար։ Մի բան, ինչը բնավ չի նկատվում կառավարության գործողությունների մեջ։ Ուստի զարմանալի չէ, որ իշխանափոխությունը ոչ միայն դրական ազդեցություն չի ունեցել Հայաստանի տնտեսության ներդրումային հոսքերի վրա, այլև հակառակն է եղել։ Մոտենում է կառավարության գործունեության մեկ տարին, իսկ այդ ընթացքում չի հաջողվել դնել որևէ նոր, քիչ թե շատ լուրջ ներդրումային ծրագրի հիմք։

Փոխարենը` ներդրումների նկատմամբ հարուցված խնդիրների պակաս չի եղել։ Կառավարության գործողությունների հետևանքով իշխանափոխությունից հետո, անկախ նրանից, ինչ-որ առումով բարելավվե՞լ է մրցակցային միջավայրը, թե՞ ոչ, էապես ավելացել են Հայաստանի տնտեսության ներդրումային ռիսկերն ու մտահոգությունները։ Ընդ որում, դրանք շարունակվում են նաև այսօր։ Միամտություն է կարծել, որ այդ պայմաններում արտաքին կապիտալը կգա Հայաստան։

Գործունեության գրեթե մեկ տարում կառավարությունը որևէ քայլ չարեց ներդրումների պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու համար։ Ընդհակառակը` այսօր Հայաստանը կանգնած է միջազգային կառույցներում խոշոր ներդրողի հետ դատական լուրջ պրոցեսի մեջ հայտնվելու վտանգի առաջ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: