Մինսկի խմբի ձևաչափը թույլ է տվել կանխել մեծ պատերազմը, բայց այն արդյոք մոտեցրե՞լ է մեզ խնդրի կարգավորմանը. Միքայել Զոլյան

Եթե արցախյան հակամարտության կարգավորման բանակցային իրական գործընթաց կա, իջնում է շփման գծում սադրանքների հնարավորությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը:

Նա նշեց, որ Հայաստանը տևական ժամանակ է՝ օրակարգ է թելադրում, առաջ է քաշել որոշակի խնդիրներ՝ Արցախի վերադարձի, մադրիդյան սկզբունքների ճշգրտման հարցը, որին արձագանքում են մյուս խաղացողները:

Ըստ Զոլյանի՝ բանավեճը կոնցեպտուալ է: Հայկական կողմն առաջ է քաշել փաստարկներ, որոնց գուցե համաձայն չեն, բայց քննարկումը կոնցեպտուալ է, ինչը նվազեցնում է սադրանքների հնարավորությունը:

«Նիկոլ Փաշինյանն, անկախ իր կամքից, օրակարգ է թելադրում Ադրբեջանում, նույնիսկ ներքին օրակարգ է թելադրում: Մարտի 8-ին դուրս է գալիս քաղաքում զբոսնում է, սելֆի է անում, Ալիևն էլ է անում: Այնպես չէ, որ հատուկ ենք անում, այդպես է ստացվել: Մենք հաճախ գերագնահատում ենք մեզ, բայց եկեք նաև չթերագնահատենք»,- ասաց Մ. Զոլյանը՝ նշելով, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը շատ բան է փոխել Ադրբեջանում:

Միաժամանակ, Միքայել Զոլյանն ասաց, որ մենք պետք է պատրաստ լինենք սադրանքներին:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, որ  «տարածքներ անվտանգության դիմաց» ձևաչափն այլևս չի լինելու, այլ լինելու է «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» մոտեցումը, Զոլյանն արձագանքեց, որ այս հայտարարությունն օգնում է կանխել պատերազմը, այն ուղերձ է պարունակում, թե ինչ կլինի պատերազմի հետևանքը:

«Անկեղծ ու վստահ ասում ես, թե որն է լինելու հետևանքը, և հնարավորություն է տալիս մնալ կոնստրուկտիվ խոսակցության շրջանակներում: Ես կարծում եմ, որ պարոն Տոնոյանի հայտարարությունը չի հակասում հայկական կողմից արված մնացած բոլոր հայտարարություններին»,- նշեց Միքայել Զոլյանը:

Նա շեշտեց, որ հայկական կողմը կարող է բանակցել զուտ բանակցության համար, տասնամյակներով վարել այս գործընթացը կամ բարձրացնել առանցքային խնդիրներ և հասկանալ՝ ինչ ուղղությամբ ենք գնում:

«25 տարի է անցել: Սա ավելի երկար ժամանակ է, քան առաջին համաշխարհային պատերազմից մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը: ՄԽ ձևաչափը թույլ է տվել կանխել մեծ պատերազմը, եղել է Ապրիլյան քառօրյան, միջադեպեր, ողբերգական մահեր, բայց մեծ պատերազմ չի եղել: ՄԽ ձևաչափն իրեն արդարացրել է: Բայց արդյոք ՄԽ ձևաչափը մոտեցրե՞լ է մեզ խնդրի կարգավորմանը: 95 թ. մենք հեռու էինք խնդրի կարգավորումից, քան այսօ՞ր: Ոչ: Ամեն անգամ ասում են՝ քիչ էր մնում ստորագրեն, քիչ էր մնում տեղի ունենար, բայց 25 տարի է անցել, եկեք ընդունենք, որ մի բան այնպես չէ այս պրոցեսում»,- հավելեց Մ. Զոլյանը:

Նա ասաց, որ պետք է կա՛մ շարունակել իմիտացիոն գործընթացը, կա′մ գտնել հարցերի պատասխանները: