«Երբ 2018-ի կատարողականը ներկայացվեց խորհրդարանում, այնտեղ բարձրագոչ հայտարարություն կար, որ համակարգային կոռուպցիան ՀՀ-ում այլևս վերցված է: Իհարկե բոլորս էլ այդ կուզեինք, բայց փաստերն ու առանձին դրվագները այլ բանի մասին են վկայում».- ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով առողջապահության փոխնախարարի՝ կոռուպցիայի կասկածանքով ձերբակալությանը:
Նա նշեց, որ, իհարկե, մանրամասները կներկայացվեն, բայց նմանօրինակ դրսևորումներն անընդունելի են նոր Հայաստանում:
«Հայտարարված ուղենիշը, որ չպետք լինեն կոռուպցիոն դրսևորումներ կամ այլևս չկան, իրականությանը պետք է համապատասխանի, և կոռուպցիան արմատախիլ արվի»,-ասաց նա:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ հավելեց, որ երբ հայտարարվում է, թե ՀՀ-ում համակարգային կոռուպցիա չկա, դա ցանկալին իրականության հետ շփոթելու տպավորություն է թողնում:
Նա նշեց, որ կոնկրետ ձերբակալման մասին դատողություն չեն կարող դեռևս անել անմեղության կանխավարկածը չխախտելու համար և քննությունից հետո պարզ կլինի: «Բայց որ ՀՀ-ում փաստորեն կոռուպցիան հաղթահարված չէ և իրականություն է, թե ով ինչպես այն կներկայացնի»,-ասաց նա:
Այդուհանդերձ, պայքար տեսնո՞ւմ են կոռուպցիայի դեմ, Պետրոսյանն ասաց, որ չեն կարող ասել, որ պայքար չի տարվում, իսկ ԱԱԾ-ն առավել քան երբևէ ակտիվ է: «Մեր կյանքում շատ հաճախ է դարձել ձերբակալվել, ազատ արձակվել, կալանավորվել ազատ արձակվել, և հետո էլի կալանավորվելու պրակտիկան, ուստի հանրությունը մոլորության մեջ է հայտնվում »,-ասաց նա և կարծիք հայտնեց, որ պետք է արդարադատությունն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում՝ հատկապես, որ ՄԻԵԴ-ը իրավական դիրքորոշում ունի, որ արդար դատաքննության կարևոր տարրերից մեկը ողջամիտ ժամկետով քննությունն է:
«Պարզապես հանրությունն ակնկալում է արագ լուծում, որ տարիներով չձգեն և տպավորություն լինի, թե քաղաքական ենթատեքստ կա: Իսկապես բացառապես իրավապահ մարմինների խնդրիրն է, և պետք է արագ լուծում ստանա»,-եզրափակեց պատգամավորը: