ԱԺ ճեպազրույցների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ մարտի 29-ին իրենց խմբակցությունը Արցախում է եղել և շատ կարևոր հանդիպում է ունեցել ԱՀ-ի օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ:
Քոչարյանը նշեց, որ ոչ միայն պաշտոնական քննարկումներ են անցկացրել, այլ այն մոտեցումներն են դիտարկել, որ պետք է լուծեին բազմաթիվ խնդիրներ ապագայում: «Այցը դեռ սկիզբն է, և հանդիպմանը, ինչպես ԱՀ նախագահն արձանագրեց, Արցախը քաղաքական հարթության մեջ ՀՀ-ի հետ չի ունեցել երբևիցե չլուծված խնդիրներ և բնականաբար անհրաժեշտ էր անկեղծ, եղբայրական մթնոլորտում ունենալ զրույցներ, պլանավորել գործողություններ, որոնք կհզորացնեն երկու պետությունների թե´ քաղաքական, թե´ ռազմաքաղաքական, թե´ արտաքին քաղաքական ընթացքը»,-ասաց նա:
Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ հանդիպումների կենտրոնական թեման արցախյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների գործընթացն էր: «Գոհունակությամբ նշեմ, որ «Իմ քայլի» և Արցախի իշխանության միջև բանակցության նպատակների, փիլիսոփայության շուրջ կա լիակատար փոխըմբռնում»,-ասաց նա:
Խմբակցության պատգամավորներն այնուհետև անդրադարձավ Փաշինյան–Ալիև հանդիպմանը և հարցին, թե որոշակի մանրամասներ հայտնի՞ են, նշեցին, որ դեռ առիթ չեն ունեցել խոսելու վարչապետի հետ:
Ռուբեն Ռուբինյանը, սակայն, նշեց, որ մի բան ակնհայտ է. նոր փաստաթուղթ այս պահին չի մշակվում, և տրամաբանական է, որ այս պահին չկա հստակ բովանդակային փուլ: «Կողմերը խոսում են բանակցությունների և սկզբունքների մասին միմյանց ընկալումներից և այլն»,-ասաց նա:
Իսկ թե, ըստ նրանց, ինչ է նշանակում հումանիտար միջոցառումների շուրջ համաձայնությունը, Ռուբինյանը նշեց, որ վարչապետը դրա մասին խոսել է Վիեննայում հայ համայնքի հետ հանդիպմանը և նշել է որոշակի օրինակներ: «Գիտեմ, որ դրանք էլ պետք է մշակվեն, հստակություն այս պահին չկա, բայց խոսքը հավասարաչափ, երկկողմանի փոխհումանիտար օգնության մասին է, բանակցությունների համար անհրաժեշտ խաղաղության մթնոլորտի համար է»,-ասաց նա:
Ռուբեն Ռուբինյանը սկզբունքների և տարրերի մեկնաբանությունների մասով ասաց, որ հաշվի առնելով, որ տարիներ շարունակ եղել են տարբեր մեկնաբանություններ, տրամաբանական չէ, որ մեկ հանդիպմանն արդեն հստակեցվեն քայլերը, և հանդիպումները շարունակական են:
Հարցին, թե ըստ նրանց՝ խոսվե՞լ է Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին, Ռուբինյանը նշեց, որ Արցախից վերադարձել են երեկ գիշերը, չեն կարող ասել, բայց ընդհանուր առմամբ, նաև Ալիևի հայտարարությունը գնահատում է նորմալ:
«Սա այնպիսի հանդիպում չէր, որ պետք է ակնկալել դարակազմիկ արդյունքներ, բայց կարևոր հանդիպում էր երկրների ղեկավարների միջև, մեր կողմից հնչեցվել են թարմ, տրամաբանական մոտեցումներ, և այս համատեքստում էր, որ տեղի ունեցավ հանդիպումը, և սա շարունակական գործընթաց է»,-ասաց նա:
Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ Արցախի նախագահի հետ ՀՀ վարչապետը թե´ Վիեննայից առաջ և թե´ հետո հեռախոսազրույց է ունեցել: «Մանրամասներին տեղյակ չեմ, բայց հասկացա, որ մտահոգվելու ոչինչ չունենք, և դրա անհրաժեշտությունը չկա, ներկայացված է նոր գաղափարախոսություն, և ժամանակ է պետք, որ այն վերածվի կոնկրետ առաջարկի և փաստաթղթի»,-ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես կմեկնաբանեն այս ամենի համատեքստում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ» մոտեցմանը: Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ ՀՀ-ն մշտապես ունեցել է դիրքորոշում, որ հակամարտության հանգուցալուծումը պետք լինի խաղաղ. «Երբեք պատերազմ չենք ուզեցել և չենք ուզում, մեր դիրքորոշումները մշտապես եղել են խաղաղությանը միտված»:
Քոչարյանը հավելեց, որ նախ պետք է ցանկացած հարցի դեպքում հետ գնալ և իմանալ, որ զինադադարի ՀՀ-ն հասել է՝ խաղաղության պարտադրելով: «Պաշտպանական ռազմավարության հիմքում և այսօր լրացուցիչ խնդիր չունենք, մենք արժանապատիվ խաղաղության խնդիր ենք լուծում այստեղ»,-ասաց նա: