Իրանական գազի տարանցիկ երկիր դառնալով՝ Հայաստանը կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ. Գելա Վասաձե

Վրաստանում չկա քննարկում իրանական գազը Հայաստանի տարածքով ներկրելու վերաբերյալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե Հայաստանը պատրաստ է լինել «իրանական գազի տարանցիկ երկիր»:

Նա նշեց, որ թեման չի քննարկվում, բոլորը լռում են:

Վասաձեն ասաց, որ Հայաստան-Իրան գազի խողովակի ծավալները մեծ չեն և եթե այն ամբողջությամբ գործի դրվի, ապա ներկրվող գազը հազիվ կբավարարի հայաստանյան պահանջներին: Հակառակ դեպքում, ըստ Գ. Վասաձեի, չկա իմաստ, որ Հայաստանը ներկրի գազը, օգտագործի խողովակները և փոխանցի դրանք Վրաստանին՝ չօգտագործելով այն ներքին սպառման համար:

Գելա Վասաձեն նշեց, որ գազամուղը պատկանում է ռուսական «Գազպրոմին», ինչը նշանակում է, որ պաշտոնական Մոսկվան էլ ներգրավված է գործընթացում, որը հնարավորություն է տալիս աշխատել մի քանի սցենարներով:

«Սցենարներից մեկն այն է, որ իրանական գազը ներկրվում է Հայաստան, մնում է Հայաստանում, իսկ Վրաստան է տարանցվում ռուսական գազը: Այսինքն՝ գազամուղով դեպի Վրաստան է գալիս ռուսական գազը, ոչ թե իրանականը, որտեղից գազը կգնա Թուրքիայով Եվրոպա: Ո՞րն է այս սխեմայի իմաստը: Կարծում եմ, որ նպատակը Իրանը Ռուսաստանին կապելն է»,- ասաց Գելա Վասաձեն:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն «ցավոտ կտանի» նման համագործակցությունը: «Իրանը ամերիկյան պատժամիջոցների տակ է, իրանական գազը՝ նույնպես: Այպիսով, Իրանը կարողանում է շրջանցել պատժամիջոցները, և դրան մասնակցություն են ունենալու Հայաստանը, Ռուսաստանը: Սա նշանակում է, որ Հայաստանն էլ կարող է հայտնվել պատժամիջոցների տակ»,- նշեց նա:

Հարցին՝ նկատի ունեք, որ Հայաստանն օգնում է Իրանին շրջանցել պատժամիջոցները, Գ. Վասաձեն դրական պատասխան տվեց:

Նա ասաց, որ ռիսկերը մեծ են: Ըստ քաղաքագետի՝ Եվրոպան դեմ չի լինի, նրանց գազի հավելյալ ծավալները չեն խանգարի:

Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Վրաստանը սպասում է ԱՄՆ կամ ՌԴ դիրքորոշմանը, դրա համար է լռում, քաղաքագետը պատասխանեց, որ երկու գերտերությունների մոտեցումն էլ կանխատեսելի է, սպասելու կարիք չկա: «Ամեն ինչ պարզ է՝ ՌԴ-ն կողմ է, ԱՄՆ-ն՝ դեմ»,- ավելացրեց նա:

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/31/gela-vasadze/2961691