«Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց». Դավիթ Տոնոյանը վերաձևակերպել է «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը

Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց»  ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»: Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության խնդիրը մեկնաբանելիս նման հայտարարություն է արել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի Ձայն»-ը:

«Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,-ասել է Տոնոյանը:

Նախարարը հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ամերիկահայերին ներկայացրեց նաև բանակում տիրող իրավիճակը: Նրա խոսքով՝ բանակում մահացության աստիճանը պետք է ամեն կերպ կրճատել, չնայած, իսպառ վերացնել հնարավոր չէ. «Անխուսափելի է, զենքով են, երիտասարդ են»:

Նախարարն ընդգծել է՝ կարևոր է պայքարել կրիմինալ բարքերի դեմ, որոնց դրսևորումներից մեկը բացահայտվել էր Մեղրիի զորամասերից մեկում. «Զորամասում այնքան էին լկտիացել, որ կանեփ էին աճեցնում»:

Աղբյուրը` https://www.amerikayidzayn.com/a/4854827.html