Արա Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը վերացվել է. դատախազի բողոքը մերժվել է

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը վերացվել է:

Քննիչը նախաքննության ընթացքում Մինասյանի նկատմամբ հետախուզում հատարարելու որոշում էր կայացրել: Պաշտպանական կողմը բողոքարկել էր քննիչի այս որոշումը առաջին ատյանի դատարան, որը բավարարվել էր: Ինչից հետո հսկող դատախազը սույն որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել եւ դատարանը երեկ մերժել է բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը:

Այս մասին մեր զրույցում ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Մինասյանի պաշտպան Տիգրան Ղազարյանը, սակայն, չցանկացավ պատասխանել սույն գործի վերաբերյալ մեր հարցերին՝ նշելով, թե ինքը լիազորված չէ:

Արա Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու եւ փաստաթղթեր կեղծելու համար:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նախնական քննության տվյալներով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2016 թվականից մինչեւ 2017 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, նույն ընկերության մի շարք աշխատակիցների հանցակցությամբ, փաստաթղթեր կեղծելու եւ կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով, խարդախությամբ առերեւույթ հափշտակել է ՀՀ առողջապահության նախարարության եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության միջեւ կնքված «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով անվճար բժշկական եւ սպասարկման ծառայությունների մատուցման մասին» պայմանագրի շրջանակներում ընդգրկված «Պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերով գումարները: Նախաքննության ներկա փուլում հանցագործությամբ առերեւույթ պատճառված վնասի չափը կազմում է 426.343.650 ՀՀ դրամ:

Աղբյուրը` http://www.armtimes.com/hy/article/157791