Իշխանությունը տապալում է տնտեսական հեղափոխությունը

Կառավարությունը Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագծից հանել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Այս պահի դրությամբ Հարկային օրենսգրքի բարեփոխումների ցանկից գազավորված ըմպելիքների վերաբերյալ դրույթները հանվել են: Հետագա քննարկումների պարագայում կճշգրտենք: Կար նաև սկզբունքի խնդիրը: Եթե մենք դա դիտում ենք որպես առողջապահական խնդիր և փորձում ենք հարկել բարձր շաքարավազ պարունակող ըմպելիքները, հարց է առաջանում նաև այլ ապրանքների մասով, որոնք ևս բարձր շաքարավազ են պարունակում: Այս պահի դրությամբ դա հանված է օրինագծից»,- ասել է Ավինյանը: Հարցին, թե հնարավոր է արդյոք վերադառնան նախնական առաջարկված տարբերակին` ըմպելիքներն ըստ շաքարայնության հարկելուն, Ավինյանը պատասխանել է, որ, ընդհանուր առմամբ, քննարկումները կշարունակվեն, և բոլոր շահառու խմբերի հետ մանրամասն կուսումնասիրեն ու կհասկանան, թե ինչ լուծումներ կարող են գտնել: Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի նախնական տարբերակով առաջարկվում էր ակցիզային հարկով հարկել 100 գրամ ծավալում 5 և ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները: Հետո, սակայն, այդ դրույթը հանվեց, փոխարենը նախատեսվում էր հարկել բոլոր գազավորված ըմպելիքները` բացառությամբ հանքային ջրերի: Դա առաջացրել էր գազավորված ըմպելիքներ արտադրող որոշ տնտեսվարողների դժգոհությունը, ովքեր իրենց բողոքն էին արտահայտել կառավարության շենքի դիմաց կազմակերպված ակցիաներով:

Այսպիսով, կառավարությունը հերթական անգամ հրաժարվում է իր իսկ նախաձեռնած փոփոխությունից։ Նույնը տեղի ունեցավ նաև փաստաբանական գործունեությունը հարկելու դրույթի հետ կապված, երբ փաստաբանական համայնքի ներկայացուցիչների քննադատություններից հետո կառավարությունը նախագծից հանեց համապատասխան դրույթը։ Սրանք չափազանց վտանգավոր նախադեպեր են ոչ միայն ու ոչ այնքան ներկայի, որքան ապագայի համար։ Փաստորեն կառավարությունը նախաձեռնում է որևէ ոլորտի բարեփոխում և դրա շահառուների բողոքի ակցիայից հետո հրաժարվում է իր իսկ որոշումից։ Այստեղ գործ ունենք երկու հնարավոր տարբերակների հետ, որոնցից ոչ մեկը չի խոսում կառավարության օգտին։ Կամ կառավարությունն իր նախաձեռնություններում ցուցաբերում է շտապողականություն ու ոչ պրոֆեսիոնալիզմ և միայն բողոքի ակցիաներից հետո է կատարում այն հետևությունները, որոնք պետք է կատարած լիներ ի սկզբանե՝ նախագծի մշակման փուլում, կամ կառավարությունը տուրք է տալիս բողոքի ակցիայի մասնակիցներին, վախենում է հասարակության այս կամ այն շերտի դժգոհությունից և հետ է կանգնում իր որոշումից, որը ենթադրաբար պետք է լիներ հաշվարկված, կշռադատված, բոլոր ռիսկերն ու սպառնալիքները հաշվի առած որոշում։ Այս տարբերակներից ո՞րն է տեղին տվյալ դեպքում, դժվար է ասել։ Բայց, կրկնում ենք, երկուսն էլ վկայում են մի դեպքում կառավարության ոչ պրոֆեսիոնալիզմի, մյուս դեպքում՝ քաղաքական կամքի բացակայության մասին։

Այս գործելաոճը, մեղմ ասած, հարիր չէ մի կառավարությանը, որը հայտարարել է տնտեսական հեղափոխության մասին։ Տնտեսական հեղափոխությունը պահանջում է իրապես հեղափոխականություն պետական ու հանրային կյանքի կենսագործունեության բոլոր ոլորներում, տնտեսական հեղափոխությունը պահանջում է արմատական, հիմնարար բարեփոխումներ տնտեսական, սոցիալական, հանրային կյանքում, որոնց մեծ մասը, այո, վնասելու են հասարակության տարբեր շերտերի շահերի, և օբյեկտիվորեն լինելու են բողոքի ակցիաներ, դժգոհության ալիքներ։ Եթե կառավարությունը տուրք տա այդ դժգոհություններին և ամեն մի բողոքի ակցիայից հետո հետ կանգնի իր որոշումից, ապա չի կարող իրականացնել ոչ միայն տնտեսական հեղափոխություն, այլ անգամ տնտեսության օպերատիվ կառավարում։

Բարեփոխումների համար անհրաժեշտ է իշխանության քաղաքական կամքը։ Բարեփոխումները միշտ չէ, որ ամբոխահաճո են լինում, ճիշտ հակառակը՝ շատ հաճախ դրանք լինում են հակապոպուլիստական, սակայն իրականացվում են հանրության շահը սպասարկելու համար։ Գործող իշխանությունն ունի բարեփոխումներ իրականացնելու համար ամենակարևոր ռեսուրսը՝ լեգիտիմություն, սակայն այն չի կարողանում իրացնել անգամ տեղային նշանակություն ունեցող խնդիրների լուծման ժամանակ։ Հանրային կարծիքն անշուշտ պետք է կարևոր լինի իշխանության համար։ Մյուս կողմից, սակայն, անթույլատրելի է հանրային կարծիքի բացարձականացումը և կառավարության գործունեության ստորադասումը հանրային կարծիքին։ Իշխանությունը, սակայն, ցույց է տալիս, որ իր համար հանրային կարծիքն ավելի առաջնային է, քան հայտարարված տնտեսական հեղափոխությունն ու դրա սպասարկմանն ուղղված բարեփոխումները։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Աղբյուրը` https://www.1in.am/2531941.html