Ուզում ենք սնայպերով բոլոր անկյուններում նստենք, որ անկյունից բարձր աշխատավարձ ստացող դուրս գա, խփենք, գցե՞նք․ Փաշինյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ՝ նշելով, որ այն շատ խրթին է ու պահպանված չէ իրավական որոշակիության սկզբունքը, եւ այդպիսով կարող է վանել շատուշատ ներդրողների․ Արմեն Խաչատրյանը հարցեց Նիկոլ Փաշինյանի կարծիքը այս առնչությամբ․

«Հարկային օրենսգրքի մի քայլով փոփոխությունը ճիշտ մոտեցում չէ: Պետք է հետեւողական բարեփոխումների ճանապարհով գնանք: Այն փաթեթը, որը ներկայացրել ենք, մենք թիրախ ենք վերցրել հարկային համակարգի եւ օրենսդրության պարզեցումը, որ այն հնարավորինս մատչելի լինի տեղական եւ օտար ներդրողների համար։ Եւ այս առումով համահարթ եկամտահարկի սահմանումը շատ կարեւոր է։ Տարբեր քննարկումներ կան, 100 տնտեսագետ կտա Հարկային օրենսգրքի փոփոխության 150 տարբերակ: Ի վերջո հարցը քաղաքական որոշման է գալիս, թե ինչ ենք մենք ուզում, ինչ խնդիր ենք ուզում լուծել։ Մեր գործընկերների հետ էլ քննարկումներ են եղել, որ հիմա էլ նոր թշնամի է ի հայտ եկել իր հանրային կերպարով՝ բարձր աշխատավարձ ստացողները։ Հիմա ի՞նչ ենք ուզում, ուզում ենք սնայպերով բոլոր անկյուններում նստենք, ու որ անկյունից բարձր աշխատավարձ ստացող դուրս եկող լինի, խփենք, գցե՞նք: Ո՛չ, դա չի համապատասխանում մեր քաղաքական գծի տրամաբանությանը, որովհետեւ բարձր աշխատավարձ ստացողը մեր պատկերացրած քաղաքացին է։ Եւ մենք պետք է ամեն ինչ անենք՝ բարձր աշխատավարձը խրախուսենք»,- ասաց Փաշինյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․