6-րդ վարչությունում նյութեր են նախապատրաստվում «Արմաշի ալյուրի գործարանում» խոշոր չափի հարկային վճարումներից խուսափելու վերաբերյալ. Ոստիկանության պարզաբանումը

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել երեկ «Արմաշի ալյուրի գործարանում» 6-րդ վարչության աշխատակիցների իրականացրած գործողությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ երեկ «Մոդուս Գրանում» հոլդինգի սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ 6-րդ՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցներն ուսումնասիրել են 2016-2018 թթ.-ների վճարումները: Նա ահազանգել էր, որ գործարանի աշխատակիցներին աշխատանքից հետո տարել են, քննել մինչև 22:30, ահաբեկել են նրանց, անգամ մարդ են ծեծել:Ոստիկանության պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մարտի 27-ին լրատվական կայքերից մեկը՝ «6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան» վերտառությամբ հոդված է հրապարակել:

Վերոգրյալի մասին հայտնում ենք, որ ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր՝ «Մոդոս Գրանում» ՍՊ ընկերության տնօրինության կողմից 2016-2018 թվականների ընթացքում կազմակերպության աշխատակիցների վերաբերյալ ՀՀ ՊԵԿ ներկայացվող հաշվետվություններում խեղաթյուրված, նվազեցված աշխատավարձերի վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու և դրանով իսկ առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորությունների կատարումից խուսափելու վերաբերյալ:

Նախապատրաստվող նյութերի շրջանակներում իրականացվում են համապատասխան քրեադատավարական գործողություններ»:

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/28/police/2959100