Ո՛չ, չենք վախենում, դուք մեզանից պետք է վախենաք, եթե վախենալու բան կա. Նիկոլ Փաշինյանը՝ Ամուլսարի հարցով միջազգային արբիտրաժ դիմելու մասին

ԱԺ-ում «ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցը վերաբերում էր հանքարդյունաբերության ոլորտին:

Նա նշեց, որ Ամուլսարի հետ կապված հայտնի դարձավ, որ «Լիդիան» ընկերությունն արդեն  դիմել է միջազգային արբիտրաժ և բավական խնդիրներ առաջ քաշել: Նա, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հետաքրքրվեց, թե ինչպիսի իրավիճակ է ներկայումս, ինչ դիրքորոշում ունի կառավարությունը:

Պատգամավորը նաև հետաքրքրվեց Թեղուտի հանքի, Ալավերդու պղնձաձուլարանի, ինչպես նաև  28 մետաղական հանքավայրերի մասին, որոնց մասով շահագործման լիցենզիա է տված: Նա հարցրեց՝ արդյոք կա՞ հստակ ռազմավարություն և նրանց հարցով աջակցություն ցուցաբերելո՞ւ են, որ շարունակեն հանքը շահագործել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հետ կապված նշեց, որ նման ընկալում կա, որ «Լիդիանը» դիմում է միջազգային դատարան, ուրեմն վերջ: Ըստ նրա՝ անհասկանալի ձևով մենք այսքան անպաշտպան ենք զգում, որ ով ուզի կարող է մեզ անկյուն տանել:

«Ընկերություններ կան, որ գալիս են, ասում՝ կդիմենք միջազգային դատարան, ու զգում են, որ  ՀՀ ներկայացուցիչները չեն ուշաթափվում, իրենք են վատանում, ո՞նց մեզանից չեք վախում… ո՛չ, չենք վախենում, էդ դուք մեզանից պետք է վախենաք, եթե վախենալու բան կա, և ոչ մենք ձեզնից»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հանքի ճակատագրին, նա հիշեցրեց, որ կառավարությունը բյուջեից 300 000 դոլար է հատկացրել, որ միջազգային բարձր հեղինակություն ունեցող ընկերություն ներգրավեն, որպեսզի տեղում փորձաքննություն իրականացնի՝ տալու պատասխան, որ այն ռիսկերը, որ տեղի կունենան, շահագործման համար ընդունելի են, թե ոչ: «Եթե եզրակացությունը կլինի բացասական, որ ասեն ռիսկեր կան Ջերմուկի ու Սևանի ջրերի համար՝ ծրագիրը կփակվի, որ ասեն՝ մեծ չեն, կառավարելի են, կաշխատի: Խնդիրը ձգձգվեց նաև այն պատճառով, որ «Լիդիանը» հրաժարվեց համագործակցել կառավարության հետ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ այնտեղ կան խոցեր և ինքը ժամանակին Բնապահպանության նախարարին հրավիրել էր և հարցրել, թե այն, ինչ ՇՄԱԳ-ի մեջ գրված է՝  ճիշտ է, և պատասխան է ստացել, որ չեմ կարող հիմնավոր համարել, ինչն էլ պատճառ է հանդիսացել հանքի շահագործումը կասեցնելու:

«Ես մոտավորապեսով կամ աչքաչափով որոշում չեմ կայացնել և ինչ-որ կլինի եզրակացության մեջ, կառավարությունն այդ կյանքի կկոչի»,-հայտարարեց վարչապետը:

Թեղուտի հետ կապված վարչապետն ասաց, որ հասել են մի փուլի, որ արդեն գործնական շարժեր նկատվում է և հույսն այն է, որ առաջիկա մեկ, մեկուկես ամսում կսկսի աշխատուժի ներգրավման գործընթացը և  մարդիկ կսկսեն աշխատել:

Ինչ վերաբերում է մետաղական հանքերի հետ կապված խնդրին, Փաշինյանը նշեց, որ կարևոր է օրենսդրական բարելավում անել շրջակա միջավայրի պահպանման համար, որպեսզի ՇՄԱԳ-ի որոշումները կասկածի տեղիք չտան, որ դեռ մի բան էլ պետբյուջեից փող տան միջազգային փորձագետ բերեն, որ գնահատի: Ըստ նրա՝ պետք է համակարգ ստեղծենք, որ բացառվեն կոռուպցիոն ռիսկերը և կոնկրետ որոշում կայացվեն: