Բարձրաստիճան նախկին պաշտոնյաններ, պատգամավորներ, որոնք համատեղությամբ նաև օլիգարխներ են, Նոր Հայաստանում անարգել շարունակում են իրենց գործունեությունը նրանից ոմանք կոռուպցիայի դեմ պայքարում կանչվել են ԱԱԾ և ինչ-որ հաշվարկների արդյունքում գումարներ են վերադարձել պետությանը: Հետաքրքիր է՝ որքա՞ն գումարով է վերջանում նրանց պատասխանատվության հարցը, միանվա՞գ գումար է, թե յուրաքանչյուրի մասով առանձին որոշում է կայացվում, սահմանը ո՞րն է. ԱԺ-ում ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցրեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:
«Կարո՞ղ ենք արձանագրել, որ գումարների վերադարձը բավարար է, որ այս շրջանակին պատասխանատվությունից ազատված համարենք»,-հարցրեց նա:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ սահմանն օրենք է, որոնք ընդունվում են իրենց՝ պատգամավորների կողից: «Այն օրենքները, որոնք կընդունվեն այդ կապակցությամբ, առաջիկայում դրանք էլ կհամարվեն սահմանը»,-ասաց վարչապետը:
Ըստ նրա՝ պայմանավորվածություն ունեն, որ օրինակ՝ անցումային արդարադատության հարցով պետք է զբաղվի ԱԺ-ն, և ԱԺ-ն պետք է որոշի այդ սահմանը: Նա կոչ արեց նաև պատգամավորին, ընդհանարապես ԼՀԿ-ին, ԲՀԿ-ին, «Իմ քայլին» և ԱԺ նախագահին, որպեսզի այդ թեմայով աշխատանքներն ակտիվացնեն:
Միաժամանակ վարչապետը նշեց, որ ոչ մի միջազգային հանդիպում չի անցնում, որտեղ ինքը չի բարձրաձայնում գողացված միջոցների վերադարձի հետ կապված թեման: «Որովհետև գիտենք, որ դրանց մեծ մասը ՀՀ-ում չէ, շատ դեպքերում, որ ՀՀ-ում միջոցներ ենք գտել, դա պատահական ենք գտել: Միջազգային կազմակերպություններին, եվրոպական կառավարությունների հետ փորձում ենք միջոցներ գտնել ՀՀ-ից գողացված միջոցների հարցով մեզ աջակցեն: Քաղաքական մակարդակում կա պատրաստակամություն, բայց գործնականում բարդ խնդիր է»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը շարունակեց, թե առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձված թեմայով ՀՀԿ ներկայացուցիչները բավական աղմուկ են բարձրացնում: «Չեն ասում, որ դեռ իրենց իշխանության ժամանակ ՀՀ-ի ստանձնած պարտավորություն է կոռուպցիայի շրջանակում, բայց իրենք հետևողական չեն արել և մենք հիմա ասում ենք՝ պատրաստ ենք անել: Բայց սրան զուգահեռ լեգիտիմ մտահոգություններ կարող են լինել՝ ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը այնքան բարձր արժեք է, որ որևէ մեկը հույս չունենա, որ այդ գծից մեկ միլիմետր նահանջելու ենք»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ մեխանիզմը տալիս են խորհրդարանին, որ չասեն, թե սուպերվարչապետության համակարգից օգտվում է: «Որ չասեք՝ սուպերվարչապետը իրեն հարմար մեխանիզմ է ստեղծում, որ ում գույքն ուզենա՝ խլի»,-ասաց նա:
Բաբաջանյանն արձագանքեց, թե լավ է, որ պատվիրակում են խորհրդարանին, բայց սուպերվարչապետության պատճառով է, որ մարդիկ գումարներ են վերադարձրել ԱԱԾ-ին, ինչը խորհրդարանի վերահսկողությունից դուրս է և իրենք չեն կարողանում կառուցվածքը հասկանալ:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընդհանուր առմամբ, մարդկանց ԱԱԾ բերում են քրեական վարույթներով: «Ոչ մեկի գլխին ատրճանակ չենք պահում ասում՝ եկեք ԱԱԾ: Այդ ընթացում լինում են գումարներ, որ մարդիկ պատրաստակամություն են հայտնում ինչ-որ նպատակի ծառայեցնելու, և լինում են հրատապ, օրինակ՝ ազգային անվտանգության ծախսեր, և ասում ենք՝ շատ լավ, եթե մարդը գումար է տալիս, մենք էլ անհրաժեշտություն ունենք, մեր երկրի համար ծախսենք, իսկ թե ինչի համար ենք ծախսել, այս մեխանիզմով փակ քննարկմանը ներկայացնենք ԱԺ-ին, բայց ոչ մեկ ոչ մեկին ինդուլգենցիա չի տալիս»,-ասաց նա:
Բացի այդ, վարչապետը նշեց, որ ցանկացած երկրի քրեական դատավարության օրենսգրքով, այն մարդը, ով համագործակցում է քննության հետ, վերականգնում է հասցրված վնասները,շդիտարկվում է մեղմացուցիչ հանգամանք: «Ամբողջ աշխարհում է դա: Ընդգծում եմ՝ անձամբ ես ոչ մեկին ո՛չ ներել եմ, ո՛չ մեղադրել, և ես դրա իրավասությունը չունեմ, եթե նույնիսկ քաղաքական հնարավորությունը ունենամ, բայց ես ինքս առաջին հերթին սահմանափակված եմ զգում օրենքով ունեցած պարտավորությունների համար»,-ասաց նա:
Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/27/Pashinyan/2958477