Իշխանաձորի բնակիչները հայտարարություն են տարածել՝ դատապարտելով «Սասնա ծռեր»-ի շինծու մեղադրանքները

«Սասնա ծռեր» խմբավորումը, ինքնահաստատման հերթական անհաջող փորձի ճանապարհին, սեփական հեղինակության բացակայության համար շարունակում է փնտրել մեղավորներ՝ տարածելով ապատեղեկատվություն, գրում է Արցախպրեսը։

Այս մասին ասված է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի շուրջ 100 բնակիչների ստորագրությամբ տարածած հայտարարության մեջ: Բնակիչներին խիստ զայրացրել է ծռերի երեկ տարածած այն հայտարարությունը, թե իբր խոչընդոտվել է իրենց հանդիպումը համայնքի բնակչության հետ:

«Խմբավորումն ինչպես համացանցով, այնպես էլ անհատական այցելությունների միջոցով, Իշխանաձորի և հարակից համայնքների բնակիչներին իրազեկել էր հանդիպման մասին: Սպասելիքները հավանաբար չեն արդարացել, քանի որ հանդիպմանը մասնակցել է մեկ տասնյակ մարդ: Բայց ինչով ենք մեղավոր մենք՝ իշխանաձորցիներս, կամ այն մարդիկ, որոնց անունները շահարկվում է «Սասնա ծռեր»-ի կողմից տարածված հայտարարության մեջ:Անգամ ծիծաղելի է հնչում «հերթապահություն սահմանելու» և «բնակչության շարժը կասեցնելու» վերաբերյալ հիշատակումը:

Մենք՝ Իշխանաձորի բնակիչներս, դատապարտում ենք վարկանիշ ձեռք բերելու՝ կեղծիքների վրա հիմնված նման էժանագին փորձերը և հորդորում հետայսու չվիրավորել մեր ինքնասիրությունը, քանի որ մենք ազատ ենք մեր դիրքորոշումներում, և որևէ մեկը չի կարող բռնանալ մեր կամքի ազատ արտահայտմանը»,- ասված է իշխանաձորցիների հայտարարության մեջ: