Այլ ընկերությունների համար դաշտ բացելու հետ մեկտեղ մենք չենք կոտրել նախկինում մենաշնորհային դիրք զբաղեցնողների մեջքը

Մենք շատ ենք խոսել, որ մենաշնորհները ՀՀ-ից պետք է արմատախիլ արվեն, եւ մենք քաղաքական մակարդակում արդեն իսկ արձանագրել ենք, որ այս ոլորտում ունենք կոնկրետ հաջողություններ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունների տեսակարար կշիռը զգալի նվազել է՝ այդպիսով դաշտ բացելով նաեւ այլ ընկերությունների գործունեության համար։ Մասնավորապես՝

1․ 2018 թվականի մի քանի ամսվա ընթացքում շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը շուկայում կազմել է 78 տոկոս՝ նախկին 95-ի փոխարեն,

2․ բանան ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը շուկայում կազմել է 30 տոկոս, նախկին 57-ի փոխարեն,

3․ բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը շուկայում կազմել է 29 տոկոս՝ նախկին 43-ի փոխարեն,

4․ դիզվառելիք ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը շուկայում կազմել է 29 տոկոս՝ նախկին 51 տոկոսի փոխարեն։

«Ես այս ցուցանիշը կարեւոր եմ համարում ոչ միայն այն տեսակետից, որ մրցակցային վիճակը բարելավվել է, այլեւ կարեւոր եմ համարում այն տեսակետից, որ մրցակցային վիճակը չի բարելավվել նախկինում գործող ընկերությունների ողնաշարը ջարդելու միջոցով։ Այսինքն՝ դրանք շարունակել են իրենց բնականոն գործունեությունը, սակայն միեւնույն ժամանակ դաշտ է բացվել նաեւ այլ ընկերությունների համար»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս ընթացքում որեւէ մեկը չի կարող ասել, որ կառավարությունն իր ձեռքից սեփականություն է վերցրել եւ տվել ուրիշին, իր ձեռքից բիզնես է խլել եւ տվել ուրիշին։

Վարչապետը հայտնեց, որ այս պահին կառավարության հետ քննարկումների փուլում են 89 ներդրումային ծրագրեր՝ 3․1 մլրդ դոլարի ընդհանուր արժողությամբ, դրանցից 49 ծրագիրը 765 մլն արժողությամբ գնահատվել են իրատեսական եւ գտնվում են իրագործման տարբեր փուլերում։

Աղբյուրը` http://www.armtimes.com/hy/article/157593