Փաշինյան-Ալիև հանդիպում Վիեննայում․ փչացնողը կլինի Ադրբեջանը. ինչի՞ շուրջ կընթանա «բանավեճը»

Մարտի 29-ին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կլինեն Վիեննայում։ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենը մարտի 29-ին Վիեննայում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները կազմակերպելու ուղղությամբ: Երևանը և Բաքուն, սակայն, առայժմ չեն հստակեցնում՝ արդյո՞ք հենց Վիեննայում են կայանալու երկկողմ բանակցությունները, թե՞ ոչ:

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հանդիպման հնարավորությանը, նշեց. «Թե ինչ օրակարգ կարող է լինել՝ դժվար է ասել։ Ամեն դեպքում մենք պետք է նկատի ունենանք, որ պաշտոնապես բանակցային գործընթացը գաղտնի է և այն ինչ-որ մամուլում հրապարակվում է մեծամասամբ, կարող է և չհամապատասխանել այն իրողություններին, որոնք որ կան բանակցային գործընթացում։ Բայց գլխի ընկնել իհարկե կարելի է, և պետք է ֆիքսենք, որ սա պաշտոնական առաջին հանդիպումն է»։

Քեռյանն ընդգծեց՝ իշխանափոխությունից հետո եղել է 3 ոչ պաշտոնական հանդիպում. «Մինչ այս Ալիևի և Փաշինյանի շփումները եղել են ոչ Մինսկի խմբի մասնակցությամբ, դրանք պարզապես զրույցի բնույթ են ունեցել, թեպետ տևել են երկար։ Ենթադրում եմ, որ Մինսկի խմբի համանախագահները երկու գործիչների առջև կդնեն իրենց հայտարարության տեքստի քննարկումը. Այսինքն՝ երկուսից էլ հստակորեն կպահանջվի իրենց վերաբերմունքը հայտնել հայտարարության մեջ նշված սկզբունքների ու ենթասկզբունքների, ինչպես նաև դրանց նկատմամբ մեկնաբանությունների ու պարզաբանման հարցը։ Ինչպես մեր վարչապետը նշեց՝ այնտեղ կան սկզբունքներ, որոնք իհարկե ընդունելի են և համապատասխանում են միջազգային նորմերի տրամաբանությանը, բայց հարցն այն է, որ ամեն մեկը կարող է իր ձևով դա մեկնաբանել։ Ի սկզբանե ֆիքսված մի սկզբունքը կարող է այնպես մեկնաբանվել, որ բոլորովին այլ բան դուրս գա։ Ինձ թվում է, որ սրա շուրջ բանավեճ և քննարկում կգնա, օրինակ, ինչպե՞ս է ընդունվում տարածքային ամբողջականությունը, ինքնորոշման իրավունքը»։

Ըստ մեր զրուցակցի՝ վիճահարույց է փախստականների վերադարձի դրույթը. «Տեխնիկապես 30 տարի հետո իրականացնել փախստականների վերադարձ՝ նշանակում է ազգամիջյան լուրջ կոնֆլիկտ ստեղծել։ Օրինակ՝ ինչպե՞ս են համանախագահները պատկերացնում 250.000 հայերի վերադարձը Բաքու։ Չէ՞ որ միայն Ղարաբաղ վերադարձող փախստականների մասին չէ խոսքը։ Ինչքան տարածքներ կան Ադրբեջանում, որոնք հայաբնակ են եղել, բայց այսօր դատարկված են։ Կարճ ասած՝ պետք է հայտարարված սկզբունքների պարզաբանում լինի»։

Ինչ վերաբերում է բանակցություններին առանց Արցախի ներկայության մասնակցությանը, Գարիկ Քեռյանը նշեց. «Մինսկի խմբի համանախագահող երկրների հայտարարության մեջ բառացիորեն նշվում է, որ հիմա ձևաչափի փոփոխությունը նպատակահարմար չէ։ Այսինքն՝ բացասական պատասխան է տրվել այդ առաջարկությանը։ Հիմա եթե սեղանի շուրջ Նիկոլ Փաշինյանը կրկին բարձրացնի այդ հարցը՝ պարզ կդառնա՝ ինչ հստակ պատասխան կտրվի։ Արդյոք Հայաստանը կշարունակի բանակցություններն առանց Արցախի մասնակցության, թե ինչ-որ միջանկյալ տարբերակ կգտնվի։ Օրինակ՝ առաջարկություն կար, որ Հայաստանի պատվիրակության մեջ լինի ներկայացուցիչ նաև Արցախից։ Իհարկե, սա պարզապես փորձագիտական շրջանակներից եկող առաջարկություն է, հիմա թե ինչ մոտեցում կորդեգրվի, կարծում եմ՝ ցույց կտա Վիեննայում սպասվող հանդիպումը»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով սպասվող հանդիպումը, նշեց, որ առանձնապես մեծ սպասելիքներ ունենալ պետք չէ։ «Չեմ կարծում, թե որևէ առաջընթաց լինի, այստեղ խնդիրը հրադադարի պահպանումն է, հավանաբար հենց այդ հարցն էլ կֆիքսվի։ Ընդհանրապես հանդիպման փաստը լավ է, եթե այն կօգնի պահպանել հրադադարը, ու համեմատաբար հանգիստ իրավիճակ լինի սահմանին»,- ասաց նա։

Քաղաքագետը նաև խնդրահարույց չի համարում այն փաստը, որ սպասվելիք հանդիպումը կամ առհասարակ բանակցությունները ղարաբաղյան հիմնահարցի շուրջ այս փուլում լինեն առանց Արցախի մասնակցության. «Դա մեկ օրվա գործընթաց չէ, այնպես չէ, որ այսօր Հայաստանը հայտարարեց դա՝ վաղը պետք է միջնորդներն ու Ադրբեջանը դրան համաձայնեին։ Կարծում եմ, որ Հայաստանը պետք է իր դիրքորոշումը պնդի և կամաց-կամաց հասնի այդ արդյունքին։ Բայց ասել, որ եթե այս փուլում Արցախը բանակցության կողմ չէ, մենք չգնանք բանակցության՝ սխալ եմ համարում»,- ընդգծեց Շիրինյանը։

Մեր զրուցակիցը նաև հավելեց. «Հայաստանն իր դիրքորոշումը պետք է պնդի ու մնա իր դիրքերում, կարծում եմ՝ այդ հանդիպումը փչացնողը Հայաստանը չի լինելու։ Փաստ է, որ Հայաստանը կպնդի իր դիրքորոշումը, իսկ Ալիևն «իր էշը քշի»։ Բայց սա Հայաստանին չպետք է ընկճի, իրենք Հայաստանի հայտարարություններին ու պնդումներին ոչինչ չունեն պատասխանելու, առարկություններն էլ հիմնավոր չեն»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի